Մշակույթ

Առնո Բաբաջանյանի երգերի միջազգային մրցույթ-փառատոնի գալա-համերգը կկայանա հունիսի 11-ին

2 րոպեի ընթերցում

Առնո Բաբաջանյանի երգերի միջազգային մրցույթ-փառատոնի գալա-համերգը կկայանա հունիսի 11-ին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը և «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպությունն առցանց ձևաչափով անցկացրել են Առնո Բաբաջանյանի երգերի միջազգային մրցույթ-փառատոն, որը նվիրված է կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԿԳՄՍ-ն տեղեկացնում է, որ Առնո Բաբաջանյանի երգերի միջազգային առցանց մրցույթ-փառատոնի գալա-համերգը տեղի կունենա հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Գալա-համերգի շրջանակում ելույթ կունենան մրցույթ-փառատոնի հաղթողները, կկայանա մրցանակների հանձնման արարողություն:

Առցանց մրցույթ-փառատոնին մասնակցել է 69 կատարող՝ Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Լիտվայի Հանրապետությունից, ՎրաստանիՀանրապետությունից: Մասնակիցները հանդես են եկել 3 տարիքային խմբերում: Գլխավոր մրցանակի է արժանացել Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի ուսանող Նարինե Մաթևոսյանը (Աննա Մուսայելյանի մասնագիտական դասարան): Տարբեր տարիքային խմբերում 1-ին մրցանակի են արժանացել 7 մասնակից, 2-րդ մրցանակի՝ 15 մասնակից, 3-րդ մրցանակի՝ 12 մասնակից: Պատանի և երիտասարդ կատարողներին տրվել են նաև 4-րդ և 5-րդ մրցանակներ և խրախուսական դիպլոմներ:

Մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված էին ՀՀ ժողովրդական արտիստներ Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Ռաիսա Մկրտչյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցը, ՀՀ վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նաիրա Գյուրջինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում