Մելքումյանը դժգոհեց, որ ԱԳ փոխնախարարները չեն ներկայացել. «Իմ քայլը» հակադարձեց՝ ԲՀԿ-ն չի մասնակցում նիստերին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներն ԱԺ արտահերթ նիստում բանավիճեցին՝ միմյանց մեղադրելով իրավիճակին չպատասխանող օրակարգեր բերելու, հանձնաժողովների, խորհրդի նիստերի չներկայանալու, Արտգործնախարարությունից բյուջետային քննարկումներում պատշաճ ներկայություն չապահովելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բարգավաճ Հայաստան»-ից Միքայել Մելքումյանը դժգոհեց, որ նախորդ օրը բյուջեի կատարողականի քննարկմանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստին չէր ներկայացրել Արտաքին գործերի որևէ փոխնախարար, նիստին ներկայացրել է ֆինանսական վարչության պետը: «Ես կարծում եմ, որ եթե ԱԺ-ն աշխատում է, որոշումներ, օրենքներ է ընդունում, մենք պետք է ինքներս մեզ հարգենք և այս հարցը աննկատ չթողնենք: Հարց ենք տալիս, ասում են, որ զբաղվածության պատճառով ԱԳ նախարարի որևէ տեղակալ չի ներկայացրել: Մենք մեզ հարգո՞ւմ ենք, թե՞ չենք հարգում, սա ինստիտուտ է, եթե քննարկումներ ենք անում, ուզում ենք օրենքներ ընդունել, ուրեմն գործադիրից պետք է պահանջել»,-ասաց նա ու հավելեց, որ երեկվանից չգիտեն, թե արտգործնախարարի պարտականություններն ով է կատարում, տեղակալներն ովքեր են:

Ըստ նրա՝ դա անհետևանք չպետք է թողնել, պետք է պահանջել, որ հանձնաժողովների նիստերին չներկայացած գերատեսչությունից որևէ բացատրություն տան:

Մելքումյանի ելույթին անդրադարձավ «Իմ քայլից» Վլադիմիր Վարդանյանը: «Վերջին անգամ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները ե՞րբ են մասնակցել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, խորհրդի նիստերին ե՞րբ եք մասնակցել»,-նշեց նա ու կարևորեց, որ ժողովուրդը հասկանա, թե ով է աշխատում ԱԺ-ում, ով՝ պարզապես ժամանցով զբաղվում:

Ինչ վերաբերում է պետական պաշտոնատար անձանց ներկայանալ-չներկայանալուն՝ Վարդանյանն ասաց. «Ձեզ պետք են ինստիտուտնե՞ր, թե՞ անձինք: Ինստիտուտները ներկայացված են, հարցերը քննարկվում են, բյուջետային քննարկումները շարունակվում են»:

Դրանից հետո «Բարգավաճ Հայաստան»-ից Արման Աբովյանն ասաց. «Այն օրակարգերը, որոնք դուք բերում եք պատերազմից հետո, հիմնականում չեն համապատասխանում այն իրավիճակին, որ տիրում է Հայաստանում: Գայինք արտադրական կանեփի նախագիծը քննարկեի՞նք ձեզ հետ»:

Նա հորդորեց Վարդանյանին «Բարգավաճ Հայաստան»-ին ցուցում չանել, թե երբ գան, որտեղ մասնակցեն, ինչ քվեարկեն: «Եվ մեծ հարց է, թե ով ինչ ժամանց է անցկացնում»,-նշեց Աբովյանը:

Մելքումյանը կրկին խոսեց այս թեմայով, որից հետո Վարդանյանը հիշեցրեց, որ իրենք ԱԺ-ում բոլորը ստանում են աշխատավարձ հարկատուներից: «Մեր քաղաքացիները ծանր եղանակով աշխատելով վճարում են հարկեր՝ մեզ համար: Յուրաքանչյուրս ունենք նույն լիազորությունները, յուրաքանչյուրս պարտավոր ենք հավասար աշխատել: Եվ, եթե մեկն առավոտից երեկո աշխատում է, մյուսը չկա, չի մասնակցում ոչ խորհրդի, ոչ հանձնաժողովի, ոչ էլ լիագումար նիստերին, արդյոք դա նորմա՞լ է, արդյոք դա համապատասխանո՞ւմ է ՀՀ շահերին և արդյոք այդ բացակայությունները չեն հանգեցնո՞ւմ այն քննադատությանը, որ ԱԺ-ն ստանում է ամեն օր»,-ասաց նա:

Այս թեմայով ելույթներ ունեցան նաև Ռուբեն Ռուբինյանն ու Լիլիթ Մակունցը:

Ռուբինյանն ավելի վաղ ԱԳ փոխնախարարների չներկայանալու առնչությամբ հայտնել էր, որ ԱԳՆ-ից նամակ են ուղղել ԱԺ նախագահին, որ զբաղվածության հետ կապված՝ ֆինանսական վարչության պետը ներկայանա հանձնաժողովներում բյուջետային քննարկումներին:

Հայերեն

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային

ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պորտուգալական լիգայից

Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր

ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարները քննարկել են ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները

Չինաստանը դեմ է հանդես գալիս Գազայի բնակիչների արտաքսմանը