Հայրենական մեծ պատերազմին նվիրված ցուցահանդեսում ներկայացվեցին բացառիկ արխիվային նյութեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Երևանում բացվեց «Արխիվային փաստաթղթերի և պլակատների» ցուցահանդեսը, որում ներկայացված են պատերազմի տարիներից բացառիկ լուսանկարներ, արխիվային նյութեր, պոստերներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 7-ին «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում: Ցուցահանդեսին զուգահեռ անցկացվեց պատերազմին նվիրված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ վիկտորինան: Միմյանց դեմ մրցեցին հայաստանյան բուհերի ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները:

«Ներկայացված են փաստաթղթեր, որոնցով Հայրենական պատերազմի ընթացքում առաջնորդվել են իշխանության վերին օղակները: Այս փաստաթղթերի շնորհիվ կերտվել է հաղթանակը: Այս ամենը մեր հաղթանակի պատմությունն է»,-ասաց կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն ու հավելեց, որ կարևոր են նաև Հայաստանի ազգային արխիվից բերված յուրահատուկ պաստառները:

Անդրադառնալով վիկտորինային՝ Կարապետյանը նշեց, որ այն արդեն ավանդական է դարձել և անցկացվում է երկրորդ տարին: Նախաձեռնել են հենց վիկտորինա՝ ներգրավելով երիտասարդներին, որպեսզի ապահովեն սերունդների կապը, որ աշակերտները, ուսանողները չմոռանան իրենց պապերին և հիշեն նրանց հերոսությունները, հաղթանակը:

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանն էլ տեղեկացրեց, որ արխիվում Հայրենական մեծ պատերազմին վերաբերող պաստառների մոտ 100 հավաքածու կա, սակայն ցուցահանդեսում ներառվել է 36 պաստառ: «Այսպես ևս մեկ անգամ կարևորում և արժևորում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում: Ցուցահանդեսի միջոցով հանրահռչակում ենք նաև արխիվի պատմամշակութային ժառանգությունը»,-շեշտեց նա: Ի դեպ, ցուցահանդեսում ներկայացված են«Արմենպրես»-ի արխիվի «ԱրմՏԱԳ-ի պատուհան» պլակատները, որոնք նաև թվայնացվել են:

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումները շարունակվելու են նաև մայիսի 8-ին և 9-ին: Երևանի կենտրոնում և Հաղթանակի զբոսայգում քաղաքացիներին կբաժանվեն Գեորգիևյան ժապավեններ:

Միջոցառումները կեզրափակվեն մայիսի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Պատերազմի օրերի մեղեդիները» խորագրով դասական համերգով, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Երեկոյին կհնչեն Դմիտրի Շոստակովիչի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք ծնվել են Հայրենական պատերազմի տարիներին: Համերգին զուգահեռ դահլիճի ճեմասրահում կբացվի թեմատիկ ֆոտոցուցահանդես:

«Արխիվային փաստաթղթերի և պլակատների» ցուցահանդեսը կյանքի կոչվեց Ռոսարխիվի, Հայաստանի ազգային արխիվի և Ա. Խաչատրյան տուն-թանգարանի հետ համագործակցությամբ:

Հայերեն

Ընտրություններ-2026. նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 57.14 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 21.43 տոկոսը

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ

ՔՊ-ում շատ գոհացուցիչ են համարում խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58,97 տոկոսը

Ընտրական գործընթացի մեկնարկից ի վեր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում

Ժամը 20.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները

Դատական դեպարտամենտը ներկայացրել է ընտրությունների կապակցությամբ առաջին ատյանի դատարաններ մուտքագրված դատական գործերի քանակը

Հունիսի 7-ին ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ

Հանրապետության բոլոր ընտրատեղամասերն ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան