Քաղաքականություն

Հայոց ցեղասպանությունն աշխարհին ցույց տվեց բաժանման և ատելության գինը. Ջասթին Թրյուդո

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանությունն աշխարհին ցույց տվեց բաժանման և ատելության գինը. Ջասթին Թրյուդո

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կանադայի վարչապետի պաշտոնական կայքը, Ջասթին Թրյուդոի ուղերձում ասված է.

«Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մենք միանում ենք Կանադայի հայ համայնքին և ամբողջ աշխարհի հայերին, որպեսզի հիշենք նրանց, ովքեր զոհ են գնացել հայ ժողովրդի դեմ իրականացված անմարդկային գործողություններին: Մենք հարգում ենք նաև նրանց հետնորդներին և բոլոր նրանց, որոնք շարունակում են ապրել այդ ողբերգության ցավով, կորուստներով և տրավմայով: Հայոց ցեղասպանությունը աշխարհին ցույց տվեց բաժանման և ատելության անթույլատրելի գինը: Կանադան դեմ է և վճռականորեն դատապարտում է ատելությունը, անհանդուրժողականությունն ու քսենոֆոբիան:

Այսօր մենք հաստատում ենք մեր հավատարմությունը մարդու հիմնարար իրավունքներին և արժեքներին և պարտավորվում ենք շարունակել աշխատանքը մեր գործընկերների հետ, որպեսզի նմանատիպ գազանություններն այլևս չկրկնվեն: Մենք շարունակում ենք ոգեշնչվել հայ ժողովրդի ուժով և ոգով՝ աներևակայելի բարդությունների դեմ պայքարում և հույսով սպասում ենք ավելի խաղաղ ապագային: Այս մռայլ տարելիցին բոլոր կանադացիներին կոչ եմ անում դադար վերցնել՝ հարգելու համար զոհերի հիշատակը և նրանց, որոնք վերապրել են Հայոց ցեղասպանության սարսափը: Մենք կշարունակենք պատվել նրանց՝ պայքարելով ատելության դեմ, պաշտպանելով առավել խոցելիներին՝ մեր աշխարհն ավելի լավը դարձնելու նպատակով»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում