Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Jerusalem Post-ի խմբագրականը 

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որպեսզի վստահ լինենք, որ աշխարհում այլևս կոտորածներ չեն լինելու, պետք է կոչենք իրերն իրենց անուններով. այս մասին ասվում է իսրայելական The Jerusalem Post-ի խմբագրականում, որը վերնագրված է. «Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, պարբերականը գրում է, որ թեպետ Իսրայելը որպես պետություն ստեղծվել է Հոլոքոստից հետո, սակայն այդ երկրում մինչ օրս շատ քիչ է խոսվում հայերի դեմ Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության մասին: «Պատճառն այն է, որ հրեական պետությունը, որը տուն դարձավ նրանց համար, ովքեր ականատեսը եղան իրենց 6 միլիոն հայրենակիցների ոչնչացմանը նացիստների կողմից, դեռևս պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Ժամանակն է, որ սա փոխվի»,- գրում է The Jerusalem Post-ը:

Պարբերականը նշում է՝ կան դրական ազդակներ, որ այս տարի ի վերջո Սպիտակ տան ղեկավարը՝ Ջո Բայդենը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, թեպետ այդ քայլը լարելու է հարաբերություններն ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև: Ինչպես ԱՄՆ պարագայում, այնպես էլ Իսրայելի դեպքում Հայոց ցեղասպանության ճանաչումից խուսափելը մինչ օրս մեծամասամբ պայմանավորված է եղել Թուրքիայի հետ հարաբերությունները լարելու հեռանկարով:

The Jerusalem Post-ը հիշեցրել է, որ 2018 թվականին խորհրդարանական Թամար Զանդբերգն առաջ էր քաշել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը, սակայն այն հանդիպեց Իսրայելի կառավարության դիմադրությանը և չընդունվեց: Հետագայում նման նախաձեռնություններով հանդես եկան նաև պատգամավորներ Յաիր Լապիդն ու Գիդեոն Սաարը, սակայն դրանք ևս աջակցություն չստացան:

«Ավանդաբար, բացատրությունը, թե ինչու է Իսրայելը ձախողում այս հարցում, պայմանավորված է նրանով, որ այդ երկիրը ցանկանում է հնարավորություն թողնել բարելավելու կապերը Թուրքիայի հետ, որն իր ակնհայտ նախապատվությունը տալիս է Ադրբեջանին, այլ ոչ թե Հայաստանին: Սա ակնհայտ երևաց նախորդ աշնանը, երբ Իսրայելը զենքեր մատակարարեց Ադրբեջանին, որը Լեռնային Ղարաբաղի տարածքում կռվում էր հայերի դեմ:

Մինչդեռ մեկը չպետք է տեղի ունենա մյուսի հաշվին: Այո, Իսրայելն ունի աշխարհաքաղաքական հաշվարկներ, և դրանք չպետք է անտեսվեն, սակայն այն ունի նաև բարոյական պարտք, որից չպետք է պարզապես ազատվի: Որպես ժողովուրդ, որն անցել է ցեղասպանության ու հետապնդումների միջով՝ հրեաները պատասխանատվություն ունեն կանգնել մյուս ժողովուրդների կողքին, ովքեր նման կոտորածներ են տեսել»,- ասվում է իսրայելական պարբերականի խմբագրականում:

The Jerusalem Post-ը նշում է, որ ժամանակն է հայերի հետ կատարվածը կոչել իր անունով՝ Ցեղասպանություն: Եվ կարիք չկա վախենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, որը «հակասեմիթական խառնակչի վարք է դրսևորում Մերձավոր Արևելքում»:

«Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա պարզ մի օրենք է: Ժամանակն է, որ Կնեսետն ընդունի այն»,- եզրափակում է հոդվածը The Jerusalem Post-ը:

Հայերեն العربية English Русский

ՀԱՄԱՍ-ը փետրվարի 1-ին կվերադարձնի Իսրայելի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքացիների՝ 90 պաղեստինցի բանտարկյալի դիմաց

Վարչապետ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում անկլավների հարցի մասին

Telcell Wallet հավելվածում տրանսպորտային փաթեթները հասանելի են

Ադրբեջանին փոխանցված գրավոր առաջարկներում անդրադարձ կա հայ գերիների և անհետ կորածների հարցին․ վարչապետ

Հայտնի են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի զույգերը

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Մեկնարկեց Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը

Հայաստանն Ազգային անվտանգության նոր ռազմավարություն է մշակում

Եկամուտները հայտարարագրելու ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 1-ը

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին Լիբանանի Բեքաայի հովտում