Քաղաքականություն

Սաղաթելյանը ներկայացրեց, թե ինչու է ՀՓՇ-ն իր բողոքի ձայնը բարձրացնելու համար ընտրել Բաղրամյան պողոտան

2 րոպեի ընթերցում

Սաղաթելյանը ներկայացրեց, թե ինչու է ՀՓՇ-ն իր բողոքի ձայնը բարձրացնելու համար ընտրել Բաղրամյան պողոտան

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պարզաբանեց, թե ՀՓՇ-ն և շարժմանը միացած անձինք ինչու են վրաններ տեղադրել և հանրահավաքներ անցկացնում հենց Բաղրամյան պողոտայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանրահավաքին հարթակից հիշեցրեց, որ արդեն 1 շաբաթից ավել է, ինչ Բաղրամյան պողոտան գտնվում է իրենց տրամադրության տակ, և շատերն են հարցնում, թե ինչու հենց Բաղրամյան պողոտայում և ինչ հարց են լուծում անընդհատ քայլերով, երթերով, հանրահավաքներով:

«Այս փողոցում է գտնվում 3 կարևորագույն ինստիտուտ՝ ԱԺ շենքը, նախագահական նստավայրը և Սահմանադրական դատարանը: Այս 3 կառույցների որոշումից կախված է շատ կարևոր և էական բան՝ մեր երկրի առաջիկա օրերի համար: Այս հարթակը Հայաստանի պայքարի հարթակն է, այս հարթակից անընդհատ այս 3 ինստիտուտները զգալու են և տեսնեն ժողովրդի պահանջը»,-ասաց Սաղաթելյանը:

Նա նշեց, թե փորձում են քարոզչություն անել, թե այդ հարթակը նեղկուսակցական հարթակ է, ընդդիմադիր ուժերի հարթակն է, իշխանության համար պայքարի հարթակ է, երբեմն էլ ասում են, թե սա դարձել է նախընտրական հարթակ: «Ես շատ հստակ և ուղիղ ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ սա հայ ազգի հարթակն է: Այս հարթակը բոլոր նրանց հարթակն է, ովքեր ասում են և գտնում են, որ Արցախը պետք է լինի ազատ և անկախ»,-ասաց Սաղաթելյանն ու վստահեցրեց, որ այդ հարթակում չկան նախկիններ և նորեր:

Նա քաղաքացիներին վստահեցրեց, որ իրենց հաղթանակը մոտ է, հորդորեց չհասթափվել:

Շարժման ներկայացուցիչները արդեն քանի օր է վրաններ են տեղադրել Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ-ի շենքի և ԳԱԱ-ի շենքի մեջտեղում, ոմանք գիշերում են հենց այնտեղ: Շարժման մեջ ընդգրկված կուսակցությունները, դրան միացած քաղաքացիները պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում