Քաղաքականություն

Ֆրանսիայի ԱԳ նախարարը երկխոսության կոչ է արել ՀՀ վարչապետի կողմնակիցներին ու ընդդիմությանը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ԱԳ նախարարը երկխոսության կոչ է արել ՀՀ վարչապետի կողմնակիցներին ու ընդդիմությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը երկխոսության կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին և ընդդիմությանը՝ ժողովրդավարությունը պաշտպանության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ֆրանսիան հանդես է գալիս երկրում երկխոսության հաստատման օգտին՝ հիմնված նախագահի և վարչապետի լեգիտիմության վրա… ավելի հանգիստ իրավիճակ ապահովելու համար երկրում, որը դժվար ժամանակներ է անցել»,-ասել է Լե Դրիանը՝ Ուկրաինայի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ ճեպազրույցում:

«Հայաստանյան ժողովրդավարությունը պետք է դիմակայի»,-ընդգծել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր հանրահավաք, որին հաջորդել էր երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել էր ընդդիմության հանրահավաքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում