Քաղաքականություն

ԼՂ կարգավիճակի հարցը դեռ որոշված չէ. Մեդվեդև

2 րոպեի ընթերցում

ԼՂ կարգավիճակի հարցը դեռ որոշված չէ. Մեդվեդև

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ որոշված չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նա խոսել է ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում:

«Այսօր բոլորի համար ակնհայտ է, որ (խմբ. – Լեռնային Ղարաբաղի) կարգավիճակի հարցն իսկապես որոշված չէ, սակայն այն չի կարելի քննարկել հիմա, քանի որ կարգավիճակի շուրջ քննարկումների այս դաշտի ցանկացած էլեկտրականացում հանգեցնում է նրան, որ լիցքերի ուժեղագույն բախում է առաջանում»,- հայտարարել է Մեդվեդևը՝ ընդգծելով, որ կողմերի դիրքորոշումներն այս հարցում «շատ տարբերվում են, անգամ Հայաստանի ներսում բանավեճեր են ընթանում»:

Մեդվեդևը հիշեցրել է, որ անգամ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը՝ նշելով. «Կարգավիճակի հարցն ավելի լավ է հետաձգել»:

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը նաև բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերակատարումը ԼՂ խնդրի կարգավորման շուրջ աշխատանքներում: «Դա շատ նուրբ աշխատանք է եղել, որին օրերից մի օր կարողացել եմ հետևել: Վլադիմիր Վլադիմիրովիչը ժամեր շարունակ քննարկումներ էր ունենում հակամարտության բոլոր կողմերի հետ, եթե չլիներ նրա աշխատանքը, ուղիղ խոսենք, հակամարտությունը մինչև հիմա կարող էր շարունակվել: Սա մի հսկայական աշխատանք է, որի համար թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը պետք է շատ շնորհակալ լինեն Ռուսաստանի նախագահին»,- հայտարարել է Մեդվեդևը:

Նա գոհունակություն է հայտնել, որ հակամարտության ակտիվ փուլն այս պահին դադարեցված է, «իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է և, ամենակարևորը, մարդիկ չեն մահանում, կա զարգացման հնարավորություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում