Մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է. Իրանի ԱԳ նախարար

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծում է, որ Իրանը Հայաստանին համարում է կարևոր հարևան. նրա գնահատմամբ՝ Հայաստանի և Իրանի սահմանները միշտ եղել են բարեկամության և համագործակցության սահմաններ՝ վստահություն հայտնելով, որ այդպես էլ շարունակվելու է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ:

«Իրանը շատ կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և հարգում է ու հետևում է, որ բոլոր ժողովուրդների կրոնական և այլ իրավունքները միշտ պաշտպանված լինեն: Մեր կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, որի մասին մենք հստակ արտահայտվել ենք»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը:

Նա ցավակցություն է հայտնել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում մարդկային զոհերի կապակցությամբ՝ շեշտելով, որ պետք աշխատանքներ տարվեն հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ: «Մենք այն երկիրն ենք, որը պատերազմ է տեսել և ծանոթ ենք այն ցավերին ու տանջանքներին, որ ժողովուրդը կրում է պատերազմի ընթացքում: Իրանը պատրաստ է մարդասիրական ցանկացած աջակցություն ցուցաբերել այդ խնդիրները հարթելու համար»,- ասել է Զարիֆը:

Իրանի ԱԳ նախարարը հավելել է՝ պատրաստակամ են առավել զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ քաղաքական, մշակութային, տնտեսական և անվտանգության ոլորտներում: «Մենք ունենք ընդհանուր մտահոգություններ, այդ թվում՝ ահաբեկիչների ներկայությունը»,- նշել է նա:

Հունվարի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: ԱԳ նախարարների հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելովիր գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը, մասնավորապես, նշել է. «Հայ-իրանական օրակարգը, իրապես, բավական ընդգրկուն է՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա: Մեր միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունը և փոխադարձ հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու բանալին»։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իրանի ԱԳ նախարարը նշել է՝, որ Իրանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները: «Իրանը և Հայաստանը` որպես երկու հին քաղաքակրթություններ, մշտապես լավ հարաբերություններ են ունեցել՝ հիմնված բարեկամության և բարիդրացիության վրա: Որպես երկու հին քաղաքակրթություններ՝ մենք բազմաթիվ վերելքներ և անկումներ ենք ունեցել, սակայն դրանցից միշտ պատվով ենք դուրս եկել: Մեր պատմությունը շատ ավելի երկար է, քան օրերը, ամիսները, տարիները և նույնիսկ դարերը, և այդ պատմության ընթացքում մենք կանգուն ենք մնացել ու կանք և միշտ եղել ենք բարեկամներ: Մեր սահմանները միշտ եղել են բարեկամության և համագործակցության սահմաններ, և վստահ ենք, որ այդպիսին էլ կշարունակեն մնալ»:

Անդրադառնալով երկկողմ օրակարգի հարցերին՝ զրուցակիցները գոհունակություն են հայտնել առկա քաղաքական երկխոսության բարձր դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով տարբեր մակարդակներում շփումների և փոխայցելությունների առավել ակտիվացման կարևորությունը։ Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համատեղ ջանքեր գործադրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ։ Այս համատեքստում ԱԳ նախարարներն ընդգծել են հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիակատար իրացման և հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության կարևորությունը։

Նախարարներ Այվազյանն ու Զարիֆը հանգամանալից մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Երկուստեք մտահոգություն է հայտնվել տարածաշրջանում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման առնչությամբ: Տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության տեսակետից նախարար Այվազյանը կարևորեց Իրանի հետ սերտ փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնվեց ընդլայնել երկխոսությունն այս ուղղությամբ:

Իրանի ԱԳ նախարարը իր հայ գործընկերոջը հրավիրել է այցելելու Իրանի Իսլամական Հանրապետություն:

Հայերեն العربية English Русский

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարության կատարման ընթացքը

Հունվարի 22-ի միջոցառումների անոնս

Արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության, քաղաքացիական համակարգերի պաշտպանության կատարելագործման ուղղությամբ խորհրդակցություն է անցկացվել

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելում է Արարատի մարզ

Թուրքիայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհից զոհերի թիվը հասել է 66֊ի

Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցնում է այլ երկրների զարգացմանն ուղղված օգնության հատկացումը

Որևէ մեծ քաղաքական սկանդալի աղբյուր չկա. Միրզոյանն անդրադարձել է հայ-իրանական սահմանի անցակետից ՌԴ սահմանապահների դուրսբերմանը

Գազայում ռազմական գործողությունների պատճառած վնասը գնահատել են 38 միլիարդ դոլար

Վարչապետի օրինակի հիման վրա քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի

Երևանն ու Մոսկվան հստակ գիտակցում են անկեղծ երկխոսության անհրաժեշտությունը․ Լավրովը՝ հարաբերություններում առկա խնդիրների մասին