Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հանրահավաքը
1 րոպեի ընթերցում
![Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հանրահավաքը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1036876.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հանրահավաքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` շարժումը նախաձեռնել են խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները, որոնք պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը:
Հանրահավաքի ընթացքում նախատեսվում է, որ նախաձեռնության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացնելու է ստեղծված իրավիճակում իր կողմից ձեռնարկվելիք քայլերի հաջորդականությունը:
Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր 16 կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: