Քաղաքականություն

Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում. Պուտին

2 րոպեի ընթերցում

Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց համակարգված օգնություն ցույց տալը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պուտինն ասաց դեկտեմբերի 2-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նստաշրջանի ընթացքում՝ նշելով, որ այժմ հետևողականորեն կյանքի է կոչվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը:

«Բոլորին քաջ հայտնի է, որ անհրաժեշտ եղան Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը, որպեսզի կանխվի արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ հասնելու կրակի ամբողջական դադարեցման ու սկսելու կայունացման գործընթացը: Միաժամանակ մենք հետևել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով հասած անկյունաքարային պայմանավորվածություններին: Այժմ եռակողմ հայտարարությունը` Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի, հետևողականորեն կյանքի է կոչվում: Հակամարտության գծով և Լաչինի միջանցքում տեղակայված են ռուս խաղաղապահները»,- ասաց Պուտինը:

Վլադիմիր Պուտինը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տուժած անձանց համակարգված օգնություն ցույց տալը:

«Կարևոր է օգնություն ցույց տալ` լուծելու հումանիտար խնդիրները, որոնք կապված են փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերանորոգման, մշակութային և կրոնական կոթողների պաշտպանության հետ: Ռուսական կողմը, Երևանի և Բաքվի հետ համագործակցելով, արդեն զբաղվում է այս բոլոր հարցերով»,- նշեց ՌԴ նախագահը:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում