Քաղաքականություն

Փաշինյանը նշել է Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի լինելու անհնարինության պատճառը

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը նշել է Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի լինելու անհնարինության պատճառը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ Խորհրդային միության փլուզման ժամանակ ԼՂ-ն անկախություն ստացավ այնպես, ինչպես Ադրբեջանն անկախացավ Խորհրդային միությունից՝ օգտվելով ԽՍՀՄ-ից դուրս գալու իր սահմանադրական իրավունքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն մոտեցմանը, թե Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում:

«Ադրբեջանի նախագահի մոտեցումն անընդունելի է` հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ 1988թ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը հայտնեց Հայաստանին միանալու մասին: Ես կցանկանայի նշել,որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում մի պարզ պատճառով. երբ փլուզվում էր Խորհրդային միությունը, Լեռնային Ղարաբաղն անկախություն ստացավ ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանն անկախացավ Խորհրդային միությունից՝ օգտվելով Խորհրդային միությունից դուրս գալու իր սահմանադրական իրավունքից: Ըստ Ադրբեջանի, Ղարաբաղի հարցը հիմնվում է խորհրդային ստատուս-քվոյի վերականգնման վրա, ինչն անհնար է»,- ասել է Փաշինյանը:

1991թ. դեկտեմբեր 10-ին, Խորհրդային միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում