Աշխարհը պետք է զսպի Էրդողանին. Սերբիայում ՀՀ դեսպանի հարցազրույցը «Informer»-ին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրությունը պետք է արձագանքի և դադարեցնի հակամարտությունը, որն Ադրբեջանը սկսեց Լեռնային Ղարաբաղում, քանի դեռ այն ավելի մեծ և դրամատիկ չափերի չի հասել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Informer» օրաթերթին տված հարցազրույցում այս մասին նշել է Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը: Նրա խոսքով, աշխարհը պետք է զսպի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին և զենքով ու բանակով օգնում ոչնչացնել հայերին: Դեսպանը նշել է, որ վերջին հակամարտությունը Կովկասում սկսվել է ադրբեջանական բանակի կողմից առանց որևէ հայտարարության: Կիրակի առավոտյան ժամը յոթին Լեռնային Ղարաբաղի սահմանագծում Ադրբեջանը սկսել է հրթիռներ արձակել «Գրադ» և «Սմերչ» հրթիռային համակարգերից, անցել է ցամաքային հարձակման, ինչպես նաև գրոհների՝ անօդաչու թռչող սարքերի և ռազմական ինքնաթիռների կիրառմամբ: Հակառակորդը թիրախավորում էր ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական դիրքերը: Ավերվել են բազմաթիվ բնակավայրեր, կան մեծ թվով զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Չսահմանափակվելով Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ հարձակումներով՝ ադրբեջանական կողմը թիրախավորել է նաև Հայաստանի տարածքում գտնվող քաղաքները:

-Ո՞րն էր հարձակման անմիջական պատճառը:

-Ադրբեջանը տարիներ շարունակ մերժում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած փոխզիջումային լուծում: Թեև հակամարտության կարգավորման մի քանի սկզբունքներ համաձայնեցվել են ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող բանակցություններում, մասնավորապես՝ միջազգային իրավունքի հարգումը, տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և ուժի չկիրառումը, այնուամենայնիվ, Ադրբեջանը դրանք չի ընդունում: Ադրբեջանը չի ցանկանում որևէ փոխզիջում: Փոխարենը, խոսում է վերջնագրերի լեզվով, և չի ընդունում այլ բան, քան Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելը։

-Ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց անցնել ռազմական հարձակման հենց հիմա:

-Այդ երկիրը տարիներ շարունակ զինվում է: Թուրքիան իր դաշնակցին օգնում է այդ հարցում: Վերջին երեք օրվա ընթացքում մենք ականատես ենք լինում, թե ինչպես են Ադրբեջանի կողմից օգտագործվում թուրքական F-16 ինքնաթիռներ, որոնք մնացել էին Ադրբեջանում վերջերս Թուրքիայի հետ համատեղ անցկացված զորավարժություններից հետո: Բացի այդ, Սիրիայից հազարավոր ահաբեկիչներ են տեղափոխվել Ադրբեջան, ովքեր մարտեր են մղում ադրբեջանական բանակի հետ միասին: Այսպիսով, ակնհայտ է, որ հարձակումը նախապես պլանավորված էր:

-Բայց ինչու՞ հենց հիմա:

-Ադրբեջանն օգտվեց բանակցությունների ժամանակավոր դադարից: Ըստ ադրբեջանական կողմի՝ ԵԱՀԿ-ն ոչինչ չի ձեռնարկել և որևէ լուծում չի առաջարկել, ինչը ճիշտ չէ: Բաքուն օգտվեց աշխարհում տիրող իրավիճակից՝ ներառյալ կորոնավիրուսային համաճարակը, այն պահից, երբ բոլոր երկրները փորձում են փրկել իրենց քաղաքացիներին մահացու վիրուսից: Բացի այդ, Ադրբեջանը լիակատար աջակցություն ու օգնություն է ստանում Թուրքիայից:

-Իսկ Հայաստանն աջակցություն ստանու՞մ է Ռուսաստանից:

-Ռուսաստանը մեր կարևոր դաշնակիցն է ո՛չ միայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում: Մեզ համար շատ կարևոր է ոչ միայն Ռուսաստանի, այլև ողջ միջազգային հանրության աջակցությունը, որ Մոսկվայի հետ միաժամանակ անընդհատ կոչ է անում նվազեցնել լարվածությունը և դադարեցնել ռազմական գործողությունները: Այդուհանդերձ մեր հարևաններն ականջալուր չեն լինում, ուստի Հայաստանը ստիպված է պաշտպանվել:

-Ինչպե՞ս կարող է ավարտվել այս հակամարտությունը:

-Միջազգային հանրությունը, որն արդեն կոչ է արել Ադրբեջանին և Էրդողանին դադարեցնել բռնությունները, պետք է նրանց ստիպի դա անել: Հակառակ դեպքում այս հակամարտությունը կարող է ավելի մեծ ծավալներ ստանալ և ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը, նույինսկ՝ աշխարհը:

-Իսկ Հայաստանն ունի՞ որևէ առաջարկ:

- Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանը վերսկսի բանակցությունները: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որը հակված է երկխոսության և խնդրի քաղաքական լուծման: Այնուամենայնիվ, մենք այժմ հարկադրված ենք պաշտպանել մեր ազատությունը:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա