Քաղաքականություն

Ադրբեջանի ռազմական ագրեսիան միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ռազմական ագրեսիան միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների վերաբերյալ հրապարակումները միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցող իրադարձություններին, Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններին անդրադարձել են այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք են BBC-ն, Independent-ը, Los Angeles Times-ը, The Guardian-ը և այլ ԶԼՄ-ներ:

Independent-ը իր հրապարակումը վերնագրել է այսպես՝ «Հայաստանը կարգադրել է խաղաղ բնակիչներին ապաստան գտնել այն բանից հետո, երբ Ադրբեջանը սկսել է ռմբակոծել վիճելի շրջանը»: Լրատվամիջոցը մեջբերել է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը. «Մեր պատասխանը կլինի համաչափ, և իրավիճակի համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»: Independent-ն ընթերցողներին տեղեկացրել է նաև, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում հայկական կողմից զոհվել է մի կին և երեխա, թիրախավորված են դպրոցներ:

Los Angeles Times-ը մեջբերել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի հայտարարությունը, որ մարտերը սկսվել են կիրակի օրը ադրբեջանական գրոհով:

Հեղինակավոր BBC-ն իր ընթերցողներին ևս հաղորդել է ռազմական գործողությունների մասին, տեղեկացրել, որ հայկական կողմից սպանվել է մեկ կին և երեխա: Լրատվամիջոցը մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. «Պատրաստ եղեք մեր սուրբ հայրենիքի պաշտպանությանը»: BBC-ն նկատել է, որ ՀՀ վարչապետն ավելի վաղ մեղադրել էր Ադրբեջանին նախապես ծրագրված ագրեսիայի մեջ:

The Guardian-ը միջազգային հանրությունը տեղյակ է պահել, որ Հայաստանում ռազմական դրություն է մտցվել՝ Ադրբեջանի հետ բախումներից հետո: Լրատվամիջոցը լուսանկար է հրապարակել նաև Երևանում կամավորական հավաքից՝ նշելով, որ մարդիկ մասնակցում են կամավորների հավաքագրմանը երկրում ռազմական դրություն մտցնելուց հետո:

Իրադարձություններին անդրադարձել են նաև Web 24 News-ը, Afganistannews-ը՝ ներկայացնելով Ստեփանակերտում Ադրբեջանի գնդակոծություններից հետո կադրեր:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում