Տնտեսություն

ԼՀԿ-ն առաջարկեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրել Արկադի Խաչատրյանին

2 րոպեի ընթերցում

ԼՀԿ-ն առաջարկեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրել Արկադի Խաչատրյանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնի համար ներկայացրել է Արկադի Խաչատրյանի թեկնածությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խաչատրյանի թեկնածության հարցը ԱԺ-ում ներկայացրեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը ներկայացրեց Խաչատրյանի կենսագրությունը՝ հիշեցնելով, որ Մանե Թանդիլյանի մանդատը վայր դնելուց հետո հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ եթե Խաչատրյանը ընտրվի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, ապա ո՞վ կփոխարինի Խաչատրյանին տնտեսական հարցերի հանձնաժողովում: Մարուքյանը պատասխանեց՝ կարծում է, որ որևէ մեկը չի փոխարինելու: «Քանի որ Ստեփան Ստեփանյանը, որը վերցրել է թափուր մնացած մանդատը, արդեն պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է»,-ասաց նա ու հավելեց, որ տնտեսական հարցերի հանձնաժողովում կմնա իրենց խմբակցությունից երկու անդամ:

Արկադի Խաչատրյանը կարևորեց ոլորտային օրենքների նախագծերի բազմակողմանի քննարկումը և պրոֆեսիոնալ եզրակացությունների տրամադրումը հանձնաժողովում, պատասխանեց պատգամավորների հնչեցրած հարցերին:

Հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին ժամը 12:30-14:00-ն:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում