ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց արտակարգ դրությունը չերկարաձգելու հնարավորություն տվող փաթեթին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթին, որի ընդունումը հնարավորություն կտա այլևս չերկարաձգել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովում փաթեթը ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

«Այս օրենքների փաթեթն ուղղված է համավարակի դեմ պայքարը շարունակելուն նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի ավարտվելուց հետո: Ներկայումս համավարակային իրավիճակը որոշակի թուլացում է արձանագրել, որը հնարավորություն է տալիս կառավարությանը՝ պայքարը ծավալել նաև արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ փաթեթը համատեղ հեղինակել են Առողջապահության և Արդարադատության նախարարությունները:

Ըստ նախագծի՝ վարակիչ հիվանդությունների՝Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից և կառավարության կողմից տարբեր տարածքներում: Համավարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում, պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժի իրավունքի կամ տրանսպորտային միջոցի տեղաշարժի սահմանափակումներ, ինքնամեկուսացում/մեկուսացում:

Այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի կառավարության կողմից, հնարավոր կլինեն նաև ավելի խիստ միջոցառումներ՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ ՏԻՄ-երում կամ այլ հաստատություններում: Արտակարգ դրությունը նոր ռեժիմից տարբերվում է իրավունքների սահմանափակման ծավալներով, խստությամբ և կիրառվող գործիքակազմի ինտենսիվությամբ: Այլևս չեն գործի էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով մարդկանց տեղորոշման համակարգը, տնտեսական գործունեության արգելման դեպքերը:

Եթե օրենսդրական փաթեթի փոփոխություններն ընդունվեն մինչև սեպտեմբերի 11-ը, ապա արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերով առաջարկվող միջոցառումները:

Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Նորայր Շողիկյան

Հայերեն Русский

Մարտունի քաղաքում կգործի արդի չափորոշիչներին համապատասխան Երիտասարդական կենտրոն

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության Գլխավոր համաժողովին

Մաքենիսում 2018-2025 թթ-ին սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագրի ներդրումները կազմել են 1 միլիարդ 657 միլիոն 38 հազար դրամ

Գեղամ Նազարյանն առաջարկում է վերանայել տոների և հիշատակի օրերի մասին օրենքը

Գագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ

Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN

Արդյոք աշխատող հայրերն օգտվում են հայրության արձակուրդից․ հրապարակվել են հետազոտության արդյունքները

ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս

Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը ծանոթացել է հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացրած արտադրանքին

Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի ավարտական նիստին քննարկվել են համայնքային հարցեր