Տնտեսություն

Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՌԴ տրանսպորտի նախարարության միջև սեպտեմբերի 2-ին ստորագրվել է «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ, Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,շնորհակալություն հայտնելով համագործակցության համար` փոխնախարար Արմեն Սիմոնյանը կարևորել է ձեռք բերված համաձայնությունները, որոնք արտացոլված են արձանագրությունում, և ընդգծել, որ դրանք երկարատև քննարկումների արդյունք են։

Իր հերթին, ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ, Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը իր գոհունակությունն է հայտնել արձանագրության ստորագրման առիթով և նշել, որ սա երկու կողմերի համար էլ շատ կարևոր իրադարձություն է։

Կողմերը հույս են հայտնել, որ քննարկումների արդյունքում կայացված փոխշահավետ որոշումները խթան կհանդիսանան հետագա քննարկումների համար և նոր շունչ կհաղորդեն «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությանը։

Արձանագրությունը ստորագրվել է՝ հիմք ընդունելով այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ինչպես ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նստաշրջանի, այնպես էլ միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում։

Նշյալ արձանագրության ստորագրումը կարևոր նշանակություն ունի «Հարավկովկասյան երկաթուղու» հետագա գործունեության համար և թույլ կտա լուծել նրա առջև դրված այնպիսի օրակարգային խնդիրներ, ինչպիսիք են ապրանքների և ուղևորների փոխադրումների ծավալի մեծացումը և երկաթուղային շարժակազմի թարմացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում