Տնտեսություն

Ջրային կոմիտեին չի գոհացնում Վեդու ջրամբարի շինաշխատանքների տեմպը. առաջարկվում են նոր լուծումներ

2 րոպեի ընթերցում

Ջրային կոմիտեին չի գոհացնում Վեդու ջրամբարի շինաշխատանքների տեմպը. առաջարկվում են նոր լուծումներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Արարատի մարզում կառուցվող Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքները նախտեսված էավարտել 2021 թվականի առաջին կիսամյակում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը նշեց, որ աշխատանքների տեմպը չի գոհացնում:

«Վեդու ջրամբարի հետ կապված շինարարությունն ընթանում է, սակայն ընթացքն այնքան էլ գոհացուցիչ չէ: Ջրային կոմիտեն և Տարածքային զարգացման հիմնադրամն ամենշաբաթյա դիտարկումներ են իրականացնում, փորձում ենք հասկանալ, թե արդյոք ժամանակի մեջ կտեղավորվե՞նք: Համավարակով պայմանավորված՝ փոքր-­ինչ դժվարություններ եղան: Մի քանի աշխատողներ պետք է վերադառնային Իրանից: Դիմեցինք պարետին և կարողացանք ստանալ թույլտվություն, որպեսզի այդ աշխատակիցները կարողանան վերադառնալ»,- ասաց Կարեն Սարգսյանը:

Ներկայում աշխատանքներն ակտիվ փուլում են: Կարեն Սարգսյանը նշեց, որ բանակցութունների մեջ են, որպեսզի հնարավորություններ ստեղծվեն 2-3 հերթափոխով աշխատանքն իրականացնելու՝ ջրամբարը ժամանակին շահագործման հանձնելու համար: 2021 թվականի առաջին կիսամյակում արդեն պետք է աշխատանքներն ավարտված լինեն: Տարբեր գնահատականներով մոտավորապես աշխատանք արդեն 75-80 տոկոսով արվել է:

Ինչ վերաբերում է Կապսի ջրամբարին, ապա Կարեն Սարգսյանը տեղեկացրեց, որ նախագիծն ուղարկվել է փորձաքննության: Նրա կարծիքով, ամենայն հավանականությամբ շուտով կսկսեն նաև Կապսի ջրամբարի շինարարությունը:

Ջրային կոմիտի նախագահը տեղեկացրեց նաև, որ մշակել են օրվա կարգավորիչ ջրավազանների կառուցման ծրագիր: Այդ փոքր ջրավազանները կառուցելով՝ կնվազեցվի մեխանիկական ոռոգման մասնաբաժինը, ավելի ինքնահոս ջրամատակարարում կկազմակերպվի: Ջրավազաններում ջրերը հնարավոր կլինի գիշերը կուտակել, ցերեկը մատակարարել ջրօգտագործողներին, արդյունքում չի լինի հավելյալ էլեկտրաէներգիայի ծախս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում