ԼՂ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի. ՀՀ դեսպանի դիտարկումները Էստոնիայի հեռուստաընկերության եթերում
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի հանրային հեռուստաընկերությունը նորությունների գլխավոր թողարկմանը հուլիսի 17-ին ծավալուն ռեպորտաժով, Էստոնայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի մեկնաբանություններով անդրադարձել է ՀՀ պետական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, ՀՀ ռազմավարական օբյեկտները թիրախավորելու Ադրբեջանի սպառնալիքներին, Բաքվում տեղի ունեցած ցույցերի ընթացքում հակահայկական կոչերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին դեսպանությունը տեղեկացնում է «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում:
Ադրբեջանը սպառնացել է հարձակվել Հայաստանի մայրաքաղաք Երևանից ոչ հեռու գտնվող Մեծամորի ատոմակայանի վրա, եթե հայկական հրետանային ուժը հարվածի Ադրբեջանի որևէ ռազմավարական թիրախի։ Դեսպան Տիգրան Մկրտչյանը նման սպառնալիքները բացարձակապես անընդունելի է համարում: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ թե խաղաղ ճանապարհով, այլ ուժի միջոցով լուծելն է: Ըստ դեսպանի՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի, անհրաժեշտ է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:
«Մենք Բաքվում տեղի ունեցած ցույցի ականատես եղանք, որտեղ գոռում էին «մա՛հ հայերին», հնչում էին հայատյաց և հակահայ կոչեր։ Դա շատ մտահոգիչ էր, և ցույցը միայն ցրվեց, երբ այն սկսեց հակաիշխանական երանգ ստանալ»,-նշել է Տիգրան Մկրտչյանը:
ՀՀ դեսպանը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները տարիներ շարունակ սեղանին են դնում երկու երկրների միջև խաղաղության հաստատման իր առաջարկությունները: Հայաստանը համաձայնում է այդ առաջարկների հիման վրա առաջ ընթանալ, բայց Ադրբեջանը մինչ օրս անտեսում է դրանք:
Դեսպանը հերքում է շահարկումները, որ Ադրբեջանում հայկական հակամարտության ստվերում Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմն է, որը կարծես նման ստվերային պատերազմ է՝ ինչպիսին Սիրիայում կամ Լիբիայում: Ըստ Մկրտչյանի՝ Ռուսաստանն իրականացնում է միջնորդական առաքելություն և Հայաստանին այս բախումների ընթացքում ռազմական տեխնիկայով կամ որևէ այլ միակողմանի եղանակով չի աջակցել:
Դեսպան Մկրտչյանն անընդունելի է համարում Թուրքիայի պահվածքը:
«Թուրքիան իր աներկբա և բացարձակ աջակցությունն է ցուցաբերել Ադրբեջանին, և նա միջազգային հանրության այն փոքրաթիվ անդամներից մեկն է, որ իրավիճակը լիցքաթափելու և Ադրբեջանին ավելի կառուցողական ու խաղաղ դաշտ բերելու կոչ անելու փոխարեն կրակի վրա յուղ է լցնում։ Նման պահվածքը անթույլատրելի է Թուրքիայի՝ իբրև ՆԱՏՕ-ի անդամ երկրի համար»,-հավելել է դեսպանը:
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: