Քաղաքականություն

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները ստանալու են համարժեք պատասխան. ՀՀ ԱԳՆ խոսնակ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները ստանալու են համարժեք պատասխան. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները ստանալու են համարժեք պատասխան, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԶՈՒ կողմից Բերդ քաղաքի հրետանակոծման փաստը։

«Ադրբեջնական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությունը և ընդլայնելով լարվածության աշխարհագրությունը: Այսօր հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետանակոծման է ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,-գրել է Նաղդալյանը:

Նա շեշտել է, որ ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:

Ավելի վաղ, ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հուլիսի 14-ի գիշերը ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը հայկական կողմից վարված կրակով կասեցվել է։

Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորում է բնակավայրերը։ Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ և 120մմ տրամաչափի ականանետից 3 արկ են են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։

Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները. տուժածներ չկան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում