Մշակույթ

«Արմմոնո» թատերական փառատոնը 2020-ին նվիրված կլինի Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին

3 րոպեի ընթերցում

«Արմմոնո» թատերական փառատոնը 2020-ին նվիրված կլինի Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա օգոստոսի 1-10-ը:

Փառատոնը նվիրվում է հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Նրա փոխանցմամբ՝ բոլոր ներկայացումները կանցկացվեն բացօթյա՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները:

Փառատոնի բոլոր ներկայացումները կցուցադրվեն նաև առցանց՝ միաժամանակ ուղիղ հեռարձակմամբ, քանի որ հանդիսատեսի թույլատրելի քանակը կլինի սակավաթիվ:

Փառատոնը կբացի ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» մոնոներկայացումը՝ ըստ Հ. Մաթևոսյանի համանուն պատմվածքի:

Մխիթարյանը նշել է, որ փառատոնի շրջանակում կցուցադրվի 20 մոնոներկայացում, որից մեկը՝ մանկական՝ «Տիեզերքը մեր տունն է»՝ Դավիթ Եղիազարյանի կատարմամբ:

Փառատոնին մասնակցում են դերասաններ Նարեկ Բաղդասարյանը, Լիլյա Մուկուչյանը, Նաիրա Եդիգարյանը, Դավիթ Աբրահամյանը և այլք:

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ այս տարի արտերկրից դերասաններ փառատոնը չի հյուրընկալի:

Փառատոնի առցանց տիրույթը կլինի գերհագեցած. կցուցադրվեն օնլայն ներկայացումներ՝ Ֆրանսիայից, ՌԴ-ից, Վրաստանից, Լիտվայից, Ուկրաինայից և այլ երկրներից:

Մասնակիցներին առցանց կողջունեն մոնոփառատոների տնօրենները՝ Նինա Մազուրը, Իոլանտա Սուտովիչը, Մարիա Տանանան և ուրիշներ:

Մխիթարյանի խոսքով՝ համապատասխան թույլտվություն ստանալուց հետո ներկայացումները կցուցադրվեն «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցի բացօթյա տարածքներում, ինչպես նաև թիվ 15 սրճարանում:

Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կներկայացնի օրերս ավարտած իր «Կովիդ քրոնիկոնը»:

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալվի նաև Վանաձորում: Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի բացօթյա տարածքում նախատեսված է երկու մոնոներկայացման ցուցադրություն՝ ՀՀ ժող. արտիստ Հակոբ Ազիզյանի, ՀՀ վաստ. արտիստ Մայիս Սարգսյանի մասնակցությամբ:

Փառատոնի շրջանակում ցուցադրվելու են նաև դեբյուտային ներկայացումներ:

«Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը կանցկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում