Քաղաքականություն

Փաշինյանն Ալիևին կոչ արեց ցուցաբերել կառուցողական մոտեցում և համաձայնել իր բանաձևի հետ

2 րոպեի ընթերցում

Փաշինյանն Ալիևին կոչ արեց ցուցաբերել կառուցողական մոտեցում և համաձայնել իր բանաձևի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևին ևս մեկ անգամ կոչ արեց համաձայնել իր այն բանաձևի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին ի պատասխան:

«Իմ կոչը մնում է նույնը Ադրբեջանի ղեկավարին՝ ի վերջո կառուցողական մոտեցում ցուցաբերել, հրապարակային համաձայնել իմ առաջարկած բանաձևի հետ, որ ԼՂ հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի համար»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը՝ վարչապետը նշեց, որ հայ ժողովուրդը ԼՂ հարցը վախերի պրիզմայով ընկալելու սովորություն չունի։

«Այն բովանդակությունը, որ մեր կառավարությունը դրել է տարածաշրջանային քաղաքականության հիմքում, հիմնված է խաղաղության բովանդակության վրա, իսկ Ադրբեջանի քաղաքականությունը երկար ժամանակ հիմնված է ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա: Այդ ռազմաշունչ հայտարարությունների հիմնական նպատակն այն է, որ Արցախի, Հայաստանի ժողովուրդը, Արցախն ու Հայաստանը Ղարաբաղի հարցի կարգավորման ողջ պրոցեսն ընկալեն վախերի պրիզմայով: Միայն այդ պարագայում կարող է այդ ռազմաշունչ հայտարարությունների վրա հիմնված քաղաքականությունը պայմանականորեն լինել արյդունավետ, բայց հայ ժողովուրդը, առավել ևս ԼՂ հարցը, վախերի պրիզմայով ընկալելու սովորություն չունի»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ բացառված է որևէ սպառնալիքի ներքո Հայաստանի Հանրապետությանը բանակցային բովանդակություն պարտադրելը:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում