ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ-ի և Գերմանիայի միջև շրջանակային համաձայնագրի վավերացմանը
2 րոպեի ընթերցում
![ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ-ի և Գերմանիայի միջև շրջանակային համաձայնագրի վավերացմանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/06/1018471.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովի հունիսի 15-ի նիստում:
Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 24-ին: Այն շրջանակային համաձայնագիր է, որի առաջին հոդվածով կարգավորվում են օժանդակության համաձայնագրերը: «Հիմնականում դրամաշնորհային համաձայնագրեր և ընդամենը մեկ վարկային համաձայնագիր է ներառում, որը տրամադրվելու է հայ-գերմանական ֆոնդին՝ «Վերաֆինանսավորման գիծ» ծրագրի շրջանակում: Այն տրամադրվում է ԿԲ-ի և Հայ-գերմանական հիմնադրամի միջոցով բանկային համակարգի վարկավորման համար: Համաձայնագրի մյուս մասով կարգավորվում են միջոցների հասանելության ժամկետները: Այն բոլոր համաձայնագրերը, որոնք շրջանակային համաձայնագրի կարգավորման առարկա են, պետք է ստորագրվեն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ միջոցների հասանելիության վերջնաժամկետը կլինի 2022 թվականի դեկտեմբերի 31-ը»,-ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:
Կարգավորվում են նաև հարկերի հետ կապված հարաբերությունները, հարկային որոշակի արտոնություններ է նախատեսվում այդ ծրագրերի շրջանակում: ԱԺ վավերացումից հետո համաձայնագիրը կմտնի ուժի մեջ, այն ստացել է ՍԴ դրական եզրակացությանը: Հայրապետյանի խոսքով՝ եթե շրջանակային համաձայնագիրը վավերացվում է, ապա նրա մեջ ենթադրվող մյուս համաձայնագրերի մասով անհրաժեշտություն չկա նորից գալ ԱԺ:
Աննա Գրիգորյան