ՌԴ-ն խնդիր չի տեսնում ՀԱԷԿ-ի շահագործման աշխատանքների համար ՀՀ պետբուջեից գումարի հատկացման հարցում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծամորի հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները դեռ շարունակվում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա ոչ կոռեկտ համարեց մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, թե հայկական կողմը հրաժարվել է ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման համար ռուսական վարկավորումից։ Նրա խոսքով՝ վարկի մեծ մասը՝ 270 մլն դոլարից 200 մլն-ն արդեն ծախսվել է։
«Ցավոք, աշխատանքները չեն ավարտվել մինչև միջկառավարական համաձայնագրի գործողության ժամկետի վերջը։ Պատճառների մասին չեմ խոսի, դրանք տարբեր են։ Այս ամենից հետո հարց ծագեց՝ երկարաձգել վարկը։ Այդ կապակցությամբ խորհրդակցություններ են անցկացվել և անցկացվում մեր երկրների ֆինանսների նախարարությունների միջև։ Որքանով տեղյակ եմ, դեռևս պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել և հարցն էլ դեռ փակված չէ»,- նշեց Կոպիրկինը։
Դեսպանն ընդգծեց, որ ՀՀ-ի սեփական միջոցների ներգրավման հարցում ռուսական կողմը որևէ հարց չունի և հետագայում կատարվելիք աշխատանքների պարամետրերն արդեն համաձայնեցված են։
Հունիսի 11-ին Կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց «Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկրաձգում» ծրագրի նպատակով պետական բյուջեից տրամադրել 63,2 միլիարդ դրամի վարկ: Նախատեսվում է, որ բյուջետային վարկի համար անհրաժեշտ միջոցներ ապահովելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչ այժմ գոյություն ունեցած վարկն իր չափերով ու պայմաններով այնքան էլ հարմար չէ ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար:
Լիլիթ Դեմուրյան