Փոխվարչապետն անդրադարձավ ուժային կառույցների ղեկավարների փոփոխություններին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու ոստիկանապետի փոփոխությունները պայմանավորում է աշխատանքի ինտենսիվության աճի բարձրացման անհրաժեշտությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գրիգորյանն ասաց հունիսի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Արդյունավետ լինելու կամ աշխատանքի տեմպերի հետ կապված այսօր պահանջները փոխվել են: Անելիքները շատ-շատ են, աշխատանքի ինտենսիվությունն էականորեն աճել է: Ավելի մեծ ծավալի աշխատանք է պահանջում վարչապետը բոլորից»,- ասաց փոխվարչապետը:
Այն հարցին, թե խնդիր չէ արդյոք 2 տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայության երեք տնօրենի փոփոխությունը, Գրիգորյանը պատասխանեց. «Իսկ դուք կարծո՞ւմ եք, որ ճիշտը նա է, որ անվերջ նույն մարդը ղեկավարի տվյալ կառույցը»:
Հունիսի 8-ին ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Արման Սարգսյանին փոխարինել է Վահե Ղազարյանը, իսկ ԱԱԾ տնօրենի պաշտոնում Էդուարդ Մարտիրոսյանին փոխարինել է Արգիշտի Քյարամյանը:
Նորայր Շողիկյան