Տնտեսություն

«Հայփոստ»-ը՝ էլ. առևտրի առաքման ծառայություն ապահովող. մշակվում է նոր տեսլական

3 րոպեի ընթերցում

«Հայփոստ»-ը՝ էլ. առևտրի առաքման ծառայություն ապահովող. մշակվում է նոր տեսլական

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Հայփոստ»-ի ղեկավարության հետ աշխատում է ազգային փոստային օպերատորի նոր տեսլականի ձևավորման ուղղությամբ. նախատեսվում է, որ «Հայփոստ»-ը կատարի նաև էլեկտրոնային տարբերակով գնված ապրանքների առաքման ծառայություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը՝ տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած առցանց հանդիպմանը:

««Հայփոստ»-ը մեր նախարարության ենթակայության տակ է: Այն մեր ազգային փոստային օպերատորն է և հասանելիություն ունի ամբողջ հանրապետության տարածքում՝ մինչև հեռավոր գյուղեր: Մենք «Հայփոստ»-ի ղեկավարության հետ աշխատում ենք նրանց ռազմավարության և նոր տեսլականի ձևավորման ուղղությամբ: Եվ այստեղ տեսնում ենք հստակ ենթակառուցվածքի ձևավորման հնարավորություն, որպեսզի «Հայփոստ»-ը հանդիսանա էլեկտրոնային առևտրի, էլեկտրոնային հարթակների համար առաքման ծառայություն ապահովող, մինչև քաղաքացուն հասցնող»,-ասաց փոխնախարարը:

Այսպիսով հնարավոր է, որ մարդն օգտվի էլեկտրոնային խանութից, առևտուր անի, և ապրանքը նրան հասնի հենց «Հայփոստ»-ի ծառայության միջոցով: Ծատուրյանը նկատեց, որ միջազգային շուկայում օրինակ Amazon-ը, eBay-ը, Aliexpress-ը աշխատում են այլ ընկերությունների հետ, որոնք համապատասխան ենթակառուցվածքային ծառայություններ են ապահովում: Այսինքն՝ հնարավոր է ընտրել ապրանքը, միևնույն ժամանակ ընտրել, թե երբ ես ցանկանում ստանալ այն: Այսպիսով մարդը կարող է ավելի վճարել մեկ օրում ստանալու համար, եթե ոչ՝ 2 կամ ավելի օրերում: Ծատուրյանը նշեց՝ սա ենթակառուցվածքային խնդիր է, որն ունեն «Հայփոստ»-ի տեսլականում:

Նա նկատեց, որ կորոնավիրուսի իրավիճակում առևտրով զբաղված շատ փոքր ձեռնարկություններ ստիպված են եղել իրենց գործունեությունը դադարեցնել: Իսկ այն տնտեսավարողները, որոնք ունեին էլեկտրոնային առևտրի գոնե որոշակի հատված, հաջողել են իրենց բիզնեսը չկանգնեցնելու հարցում: ««Հայփոստ»-ի կողմից միգուցե կառաջարկվի պլատֆորմային մոտեցում, որպեսզի խանութները նմանատիպ ծառայություններ վիրտուալ տարբերակով կարողանան վերցնել: Մենք քննարկում ենք մոտեցումները»,-նշեց փոխնախարարը:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում