ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը համընդհանուր ճգնաժամի, էներգակիրների շուկայի փլուզման պարագայում պետք է այլ մոտեցում ցուցաբերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով «Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին, թե գազի գնի հնարավոր տատանումների հետ կապված մտահոգություն կա՞, թե՞ ոչ:
Փաշինյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ այն մղումը, որ Ռուսաստանի «Գազպրոմ»-ի գործընկերներն ունեն՝ տնտեսապես ավելի մրցունակ դարձնել ընկերությունը, հասկանալի և ընդունելի է: «Գազը բաժանորդին հասնում է խողովակով, եթե այդ խողովակը չսպասարկվի, 1-2 տարուց դա շարքից դուրս կգա, գազը չի գնա հասնի տեղ: Որպեսզի այդ խողովակը լինի, ընկերությունը պետք է պատշաճ շահույթ ունենա, որպեսզի դրանով սպասարկի այդ ենթակառուցվածքը: Բայց կարծում ենք, որ մեր ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունն այս համընդհանուր ճգնաժամի պայմաններում և էներգակիրների շուկայի փլուզման պարագայում պետք է այլ մոտեցում ցուցաբերի: Եվ մենք կփորձենք մեր գործընկերների հետ խոսել»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նկատեց՝ ԵԱՏՄ օրակարգում ամենակարևոր խնդիրներից մեկը էներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորումն է: «Եվ մենք կարծում ենք, որ այսօրվանից այդ տրամաբանությամբ պետք է շարժվենք առաջ»,-նշեց նա:
Աննա Գրիգորյան