Տնտեսություն

Պատգամավորները քննարկում են կերի մեջ հակաբիոտիկների կիրառումը բացառող օրինագիծը

2 րոպեի ընթերցում

Պատգամավորները քննարկում են կերի մեջ հակաբիոտիկների կիրառումը բացառող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես, բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:

Նա նախ նշեց, որ ներկայում Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում հակաբիոտիկների կիարռումը կարգավորված չէ: Դրանք լայնորեն կիրառվում են անասնապահության ոլորտում՝ կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև աճի խթանման նպատակով: Դա պատճառ է հանդիսանում մարդկանց մոտ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման համար: Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը ներկայում հանդիսանում է համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր:

«Նախագծի ընդունումը պայմանավորված է անասնաբուծության մեջ հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործման կանոնակարգման անհրաժեշտությամբ: Անասնաբուծության, թռնչաբուծության և ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերի կիրառման արդյունքում դեղակայուն մանրէները կարող են կենդանիներից անցնել մարդուն՝ սննդային շղթայի միջոցով: Նախագծի ընդունմամբ առաջարկվում կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը, մասնավորապես բացառել հակաբիոտիկների՝ որպես կերային հավելում օգտագործելը»,-ասաց Գաբրեիլյանը:

Պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հետաքրքրվեց՝ օրենքի ընդունումից հետո ՀՀ-ում որևէ կենդանական մսի մեջ հակաբիոտիկ չի՞ լինելու: Փոխնախարարն արձագանքեց՝ անասնաբուժության ոլորտում հիվանդության դեմ առանց հակաբիոտիկների պայքարը գործնականում անիրագործելի է: Կարող են օգտագործվել հակաբիոտիկներ՝ բուժման նպատակով, բայց այն հաշվարկով, որ վերջնական արդյունքում ձվի, մսի, կաթի, կերի մեջ չհայտնաբերվեն հակաբիոտիկներ: Այդ ուղղությամբ վերահսկողություն կիրականացվի:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում