Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է կորոնավիրուսի պայմաններում ՀՀ ԱԳՆ գործունեության ուղղությունները

3 րոպեի ընթերցում

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է կորոնավիրուսի պայմաններում ՀՀ ԱԳՆ գործունեության ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է նոր տիպի կորոնավիրուսի պայմաններում ՀՀ ԱԳ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մնացականյանը նախարարության գործունեության հիմնական ուղղությունները ներկայացրել է Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումների ընթացքում։

«Նոր տիպի կորոնավիրուսի պայմաններում ԱԳՆ գործունեության հիմնական ուղղություններն են.

Արտերկրում գտնվող մեր քաղաքացիների վերադարձ և տեղում իրենց անվտանգության ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկում; Բեռնափոխադրումների անխափանության ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկում և համակարգում; Կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության իրականացումը՝ ուղղված թե՛ փորձի փոխանակմանը, թե՛ պայքարի համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման աշխատանքների համակարգմանը»,- մանրամասնել է Մնացականյանը:

Նա հավելել է, որ գործընկերների հետ ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան են ներմուծվել COVID-19-ի դեմ պայքարի համար անհրաժեշտ առողջապահական պարագաներ, նյութեր, սարքավորումներ։ Մասնավորապես, Չինաստանից չվերթներով Հայաստան են բերվել անհրաժեշտ առողջապահական պարագաներ, որոնք ձեռք էին բերվել Հայաստանի կառավարության, ինչպես նաև նվիրաբերվել էին ՉԺՀ կառավարական շրջանակների, ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP), տարբեր բարեգործական հիմնադրամների, հայազգի և օտարազգի անհատների կողմից։

«Այս պայմաններում մեզ համար անգնահատելի է ԵՄ և անդամ երկրների, ԱՄՆ, Չինաստանի, ՌԴ, Հնդկաստանի, Ճապոնիայի, ԱՄԷ և Շվեյցարիայի կողմից տրամադրված օգնությունը և ծրագրված աջակցության փաթեթները։ ՌԴ, Իրանի, Վրաստանի մեր գործընկերների հետ փոխգործակցության բարձր մակարդակի շնորհիվ հնարավոր դարձավ մեր քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխման արդյունավետ իրականացումը»,- ասել է նախարարը։

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ նման համագործակցություն իրականացվել է բազմաթիվ այլ երկրների հետ, որի շնորհիվ հաջողվել է Հայաստան տեղափոխել ՀՀ քաղաքացիներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում