Պարետատունը դեռևս չի փոխում գործունեության ոլորտները բացելու ծրագրերը. Ավինյան
2 րոպեի ընթերցում

Ավինյանը նշեց, որ վարակվածների շրջանակը կոնկրետ է, սակայն չբացառեց, որ վարակի տարածման դինամիկայից կախված կարող են որոշումները փոխվել: «Մենք ունեցել ենք նաև հիվանդանոցում բավականին լուրջ խնդիր, այդտեղ էլ շրջանակը կոնկրետ է: Այդուհանդերձ, վարակի տարածման դինամիկայից կախված մեր որոշումները կարող են փոփոխվել: Կարծում եմ՝ դեռևս նման փոփոխությունների կարիք չկա: Մոտակա օրերի թվերը և անձանց շրջանակը մեզ թույլ կտա վերջնական որոշումներ կայացնելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Տիգրան Ավինյանը՝ ավելացնելով, որ այս պահին գնում են այն սցենարով, որ մայիսի 4-ից փոփոխվելու են տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշումները, էական ոլորտներ բացվելու են՝ պարտադիր կանոնների պահպանմամբ:
«Դեռեւս այլ որոշում չկա: Փակ են մնալու կրթական հաստատությունները: Էական սահմանափակումներ են գործելու մշակույթի և զվարճանքի ոլորտներում»,- ասաց նա:
Հայաստանում ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 21 125 թեստավորում: