Քաղաքականություն

Մենք ավելի լուրջ հարցեր ենք տվել, ոչ թե 400 և 800 հեկտարի մասին. Անդրանիկ Քոչարյան

2 րոպեի ընթերցում

Մենք ավելի լուրջ հարցեր ենք տվել, ոչ թե 400 և 800 հեկտարի մասին.  Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ունեցել է բացթողումներ: Այդ մասին խորհրդարանական ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հարցին՝ Սերժ Սարգսյանն ընդունե՞լ է, որ ունեցել է բացթողումներ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.«Իհարկե»։

Հարցին, թե նախկինում Սերժ Սարգսյանն ասել էր, որ 800 հեկտար ենք կորցրել, սակայն վերջերս նկարահանվածֆիլմում նշվում է՝ 400 հետկար, Քոչարյանը պատասխանեց.«Պարոն Սարգսյանը ֆիքսեց, որ դա ընդամենը ֆիլմ էր, որպեսզի ֆիլմը դառնա վավերագրական, ֆիլմը նկարահանողը պիտի տիրապետի այն տեղեկատվությանը, որը գտնվում է այն սենյակի պատերի հետևում։ Ֆիլմում հնչեցված բազմաթիվ փաստեր փորձել ենք ճշտել պարոն Սարգսյանից... Մենք ավելի լուրջ հարց ենք տվել, ոչ թե 400-ի և 800-ի։ Մենք ուղղակի ճշտել ենք՝ պարոն Սարգսյանն ինչ է կարծում՝ հակառակորդն իր առջև դրված ռազմական խնդիրը լուծե՞լ է, թե՞ ոչ, այդտեղ կա՞ քաղաքական բաղադրիչ, թե՞ ոչ, մենք ինչքա՞ն ենք պատրաստ եղել դրանից առաջ, հետախուզության տվյալներն ամբողջությամբ արտացոլո՞ւմ են այն տեղեկատվությունը, որը գտնվում է շրջանառության մեջ։ Քննիչ հանձնաժողով հրավիրվող անձինք ցանկի ներսում եղած մարդիկ են, նախատեսված է, որ նրանց պետք է լսենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ հանձնաժողովի գործունեությունը վերջնական փուլում է։

Հարցին՝ նիստին արդյոք Սերժ Սարգսյանը թերացողների անուններ հնչեցրել է, Քոչարյանը պատասխանեց. «Թերացողների անուններ տրվել է նաև Պաշտպանության նախարարության կողմից կազմված վերլուծության մեջ, սակայն վերլուծության մեջ ներառված չեն նաև մի շարք պաշտոնյաներ, որոնք իրենց չեն տեսել այդ թերացումների մեջ, բայց հանձնաժողովը տեսել է նաև այն պաշտոնյաներին, որոնք արտացոլված չեն այդ թերացումների մեջ։ Հանձնաժողովի աշխատանքները կարևոր են նրանով, որ ինքն ի վիճակի է ամբողջացնել այդ ամբողջ տեղեկատվությունը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում