Տնտեսություն

Կնքվել է գյուղատնտեսության ապահովագրության 453 պայմանագիր. մոտենում է ապահովագրման վերջնաժամկետը

2 րոպեի ընթերցում

Կնքվել է գյուղատնտեսության ապահովագրության 453 պայմանագիր. մոտենում է ապահովագրման վերջնաժամկետը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրով մարտի 11-ի դրությամբ կնքվել է 453 պայմանագիր: Ծիրանի, խաղողի, դեղձի, խնձորի կարկուտ և հրդեհ ռիսկերից ապահովագրության վերջնաժամկետները մոտենում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Շարունակվում է Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում ապահովագրվում են ծիրանի և խաղողի այգիները, ինչպես նաև 2020 թվականի փետրվարի 5-ից՝ դեղձի, խնձորի այգիները և հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան/գարնանացան ցորեն և գարի) ցանքատարածությունները:

Քանի որ ցրտահարության ռիսկի ժամկետը սպառվել է, շարունակում է ապահովագրությունը ևս 2 ռիսկերից` կարկուտ և հրդեհ»,-ասաց Օհանյանը:

Նա նշեց` 2020 թվականի մարտի 11-ի դրությամբ օպերատիվ տվյալներով կնքվել է 453 պայմանագիր, որից շուրջ 60 %-ը կազմում են համակցված ռիսկերով պայմանագրերը:

Կարկուտ և հրդեհ ռիսկից ծիրանի և խաղողի ապահովագրությունը ընդգրկում է 6 մարզ՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Տավուշ, Կոտայք, Վայոց Ձոր, իսկ դեղձի, խնձորի և հացահատիկային մշակաբույսերի (աշնանացան/գարնանացան ցորեն և գարի) ապահովագրությունը՝ ՀՀ բոլոր մարզերը։

Նա հիշեցրեց, որ ծրագրի շրջանակներում իրականացվում է ապահովագրավճարի առնվազն 50-60 %-ի սուբսիդավորում։ Ծիրանի և խաղողի համար կարկուտ և հրդեհ ռիսկի վերջնաժամկետը մարտի 25-ն է, դեղձը՝ մարտի 20-ը, խնձորը՝ ապրիլի 20-ը: Իսկ հացահատիկային մշակաբույսերի համար ապահովագրության վերջնաժամկետը մայիսի 1-ն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում