Տնտեսություն

Հայաստանի երեք մարզերում ԵՄ աջակցությամբ կխթանվի կանաչ գյուղատնտեսության զարգացումը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի երեք մարզերում ԵՄ աջակցությամբ կխթանվի կանաչ գյուղատնտեսության զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում պաշտոնապես մեկնարկեց Եվրոպական Միության կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ:

«Այս ծրագիրը շատ վառ ծրագիր է, որի միջոցով կարող ենք բազմաթիվ ոլորտներում լուրջ փոփոխությունների ունենալ: Մենք խրախուսում ենք կայուն, օրգանական արտադրանքը: Այս ծրագիրն օգնում է բնապահպանության, շրջակա միջավայրի զարգացմանը, ապահովում է սննդի անվտանգությունը, նաև բավականին մեծ թվով աշխատատեղեր է ստեղծում»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11,7 մլն եվրո: Ծրագրի ուշադրության կենտրոնում կլինի համապատասխան պետական կառույցներին տեխնիկական աջակցությունը և շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացումը` կանաչ, ներառական և իրավահեն գյուղատնտեսության զարգացում ապահովելու համար: Ծրագրի խոշոր բաղկացուցիչ մասերից է անմիջականորեն ֆերմերներին, արտադրողներին և վերամշակողներին դրամաշնորհների տեսքով տեխնիկական աջակցության տրամադրումը:

Անդրեա Վիկտորինը նշեց, որ պիլոտային ծրագիրն իրականացվելու է Հայաստանի երեք մարզերում, քանի որ այդպես ավելի ճշգրիտ հնարավոր կլինի արձանագրել ծրագրի արդյունքները:

ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիրը կիրականացվի մինչև 2023թ. մարտ ամիսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում