Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումն ակնկալվում է մարտին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունն ու դրան հաջորդող գործողություններն ապացուցում են Ադրբեջանի ռասիստական բնույթը: Ադրբեջանը, հանցագործին ներում շնորհելով, ապահովել է անպատժելիությունը, իսկ ոճրագործին արդարացվածին հավասար արտոնություններ տալը պայմանավորված է եղել ազգային հիմքով սպանությամբ: Այս հարցերը շեշտադրված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացված հայցում:

Թեմայի շուրջ փետրվարի 19-ին՝ հայ սպայի սպանության տարելիցին «Արմենպրես»-ը զրուցել է ադրբեջանագետ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանի և Եվրադատարանում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանի հետ:

«Գուրգեն Մարգարյանի սպանության ողբերգական դեպքերն ու դրան հաջորդող գործողությունները պարզ ցույց են տալիս, թե մենք ինչպիսի պետության հետ գործ ունենք: Ադրբեջանի բոլոր գործողությունները հերթական անգամ ապացուցում են իր ռազմատենչ, քսենոֆոբիկ, ռասիստական բնույթը»,-ասաց ադրբեջանագետը: Նա ընդգծեց, որ Հայաստանը առիթը բաց չի թողնում և բոլոր միջազգային հարթակներում բարձրացնում է այս հարցը: Դա արվում է թե երկրի ղեկավարների, թե խորհրդարանական, թե հասարակական կազմակերպությունների մակարդակով: Օրերս Բեռլինում «Ֆրիդրիխ էբերտ» հիմնադրամում կազմակերպված հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը կրկին անդրադարձավ այդ թեմային:

«Գուրգեն Մարգարյանի սպանությունը հեռավոր անցյալում չէր: Այն կատարվեց Եվրոպայի կենտրոնում, մի քանի տարի առաջ: Մենք պետք է շարունակենք խոսել ոչ միայն այս ողբերգական, այլև մյուս դեպքերի մասին՝ ցույց տալու Ադրբեջանի բնույթը: Թե կեղծված ընտրությունները, թե Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, թե վայրագ գործողությունները խոսում են այն մասին, որ անցյալին վերադարձ չի լինելու»,-ասաց Տաթև Հայրապետյանը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում աչքի է ընկնում իր ռասիստական գործելաոճով, ընդգծված հակահայկական քաղաքականությամբ: «Եթե մի օր ձեռք բերվի խաղաղություն, ապա դա կարող է լինել նման մտածելակերպի փոփոխության պարագայում, ինչն այս փուլում չենք տեսնում»,-եզրափակեց ադրբեջանագետը՝ ընդգծելով, որ հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականություն:

Եվրադատարանում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի գործի մանրամասները՝ նշելով, որ այն եզրափակիչ փուլում է: Ըստ նրա, կանխատեսվում է, որ մարտին կհրապարակվի վճիռը: ՄԻԵԴ-ում գործն ընդդեմ Հունգարիայի և Ադրբեջանի է:

«Ադրբեջանի մասով խնդրել ենք, որ դատարանն արձանագրի կյանքի իրավունքի խախտում: Շեշտադրվում է այն, որ Ադրբեջանը, հանցագործին ներում շնորհելով, ապահովել է անպատժելիությունը: Նաև հարցեր ենք դրել այն մասին, որ ներում շնորհելը և ոճրագործին արդարացվածին հավասար արտոնություններ տալը պայմանավորված է եղել ազգային հիմքով սպանությամբ: Դա շատ կարևոր նշանակություն ունեցող հարցադրում է: Դրա արդյունքում պետք է հասնենք միջազգային դատական ատյանի կողմից հակահայկական խտրականության արձանագրմանը, ցույց տալով, որ դրա պատասխանատուն Ադրբեջանն է որպես պետություն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հետևողական են լինելու Հունգարիայի դատարանի վճռի կատարմանը, այսինքն՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովը հետ ուղարկվի պատիժը կրելու:

Ադրբեջանցի ոճրագործ Սաֆարովը 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի անգլերեն եռամսյա դասընթացներին մասնակցության ժամանակ գիշերը կացնի 16 հարվածով դաժանաբար սպանել է քնած հայ սպային` Գուրգեն Մարգարյանին: Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության` պատիժը 30 տարի չվերանայելու պայմանով, սակայն 2012-ի օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ պետք է շարունակեր կրել պատիժը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում է շնորհել և ազատ արձակել՝ բարձրացնելով զինվորական կոչումն ու վճարելով 8 տարվա կուտակված աշխատավարձը: Ոճրագործին ներում շնորհելու Ադրբեջանի քայլը խիստ քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից:

Հայերեն English Русский

Իսրայելը քրեական պատասխանատվություն է սահմանում 2023 թ. հոկտեմբերի 7-ի ահաբեկչությունները ժխտելու համար

Ինչ փոփոխություններ է առաջարկվում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում. Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ներկայացված նախագիծը

Պանաման բողոք է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Թրամփի հայտարարությունների դեմ

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Փոփոխություն` տրանսպորտի տոմսային փաթեթներում. մանրամասնում է քաղաքապետը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանձնարարել է վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը

ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Աբրահամ Խաշմանյանը հերթական անգամ հեռացել է «Ալաշկերտ»-ից

ԱՄՆ-ի հարավում անոմալ ցրտից զոհերի թիվը հասել է 10-ի

ՀՀ վարչապետը հունվարի 23-ին կմեկնի Դավոս՝ մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին