Փոխվարչապետը քաղաքական կոնտեքստ չի տեսնում ԵԱՏՄ երկրների՝ վետոյի իրավունքից հրաժարվելու հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : ԵԱՏՄ երկրների կառավարությունների՝ որոշ հարցերում վետոյի իրավունքից հրաժարվելու հնարավորության հարցը քննարկվում է ոչ թե քաղաքական, այլ հանձնաժողովների աշխատանքի արդյունավետության տեսանկյունից:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին:

Սիմոնյանը նշեց, որ ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը հայտարարել է, որ կառավարությունները քննարկում են որոշ հարցերի շրջանակներում վետոյի իրավունքից հրաժարվելու և այդ իրավունքը վերազգային կազմակերպությանը փոխանցելու հնարավորությունը: Նա հետաքրքրվեց, թե ինչ հարցերի շրջանակում է քննարկվում ԵԱՏՄ-ում պետությունների վետոյի իրավունքից հրաժարվելը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արձագանքեց՝ հարցը բուռն քննարկվել է և դեռ կքննարկվի:«Այն ավելի շատ քննարկվել է հանձնաժողովների աշխատանքի արդյունավետության տեսանկյունից, այսինքն՝ դա այդքան քաղաքական կոնտեքստ չի ունեցել: Խնդիրն այն է, որ շատ դեպքերում հանձնաժողովի ցանկացած ֆունկցիա դառնում է զրոյական, քանի որ կառավարություններից մեկը վետո է դնում և որոշումն ուղղակի չի իրականացվում»,-ասաց Գրիգորյանը:

Նա նշեց՝ օրակարգում կա ռազմավարական մի հարց՝ արդյոք հանձնաժողովը պետք է օժտված չլինի այն լիազորությամբ, որպեսզի կամ վետոն վերացնի կամ վետոն ընդհանրապես բացառվի:«Բայց այս պահին ավելի կոնկրետություն չկա այդ հարցում: Այն դեռևս ռազմավարական շարադրանքի փուլում է քննարկվում: Ինչ-որ փուլում հանրությանը կտեղեկացնենք, թե ինչ բովանդակության հասանք: Բայց կարծում եմ, որ այստեղ հարցն այնքան քաղաքական չէ, որքան, որ վերաբերվում է հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությանը»,-ասաց փոխվարչապետը:

Հայերեն Русский