Մշակույթ

Կվերականգնվի Երևանի Արգիշտի փողոցում գտնվող 17-րդ դարի հուշարձան ը

2 րոպեի ընթերցում

Կվերականգնվի Երևանի Արգիշտի փողոցում գտնվող 17-րդ դարի հուշարձան ը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին փետրվարի 11-ին` 4-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ որոշեց Արգիշտի փողոցի հ. 48 և հ. 48/1 հասցեներում Յուրի Աֆրիկյանին սեփականության իրավունքով պատկանող համապատասխանաբար 4585 քմ և 1020 քմ մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիայի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տվյալ հասցեներում գտնվող հողամասերում գույքի սեփականատեր Յուրի Աֆրիկյանը պետք է իրականացնի ներդրումային ծրագիր, որը կներառի հյուրանոցային համալիրի, հայկական արհեստների կենտրոնի և հայկական արհեստագործական գործիքների թանգարանի կառուցապատման աշխատանքներ: Նախատեսվում է քննարկվող հատվածում առկա արտադրական նշանակության շինությունները վերակառուցել հյուրանոցային համալիրի՝ տվյալ տարածքում գործող կառուցապատման պայմանակարգի դրույթների պահպանմամբ:

Աֆրիկյանը, ծրագրի իրականացման շրջանակում պարտավորվել է նաև սեփական ուժերով և միջոցներով վերականգնել «Կարմիր» կամուրջը, որը հանդիսանում է 17-րդ դարի պատմամշակութային հուշարձան և գտնվում է փլուզման եզրին:

«Այս տարածքում կառուցապատմանը պետք է ուշադիր լինել: Այն Երևանի պատմամշակութային սիրտն է»,- նշեց Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Կարապետյանը:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հասմիկ Խաչունցն էլ նկատեց, որ պետք է ճիշտ վերահսկվեն կամրջի վերականգնողական աշխատանքները: Նա ընդգծեց, որ ցանկացած կառուցապատող պետք է պատասխանատվությամբ վերաբերվի տարածքի պատմամշակութային արժեքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում