Մութալիբովն իր հոգին և կենսագրությունը վաղուց վաճառել է Բաքվի բռնապետական ռեժիմին. ԱԳՆ խոսնակի արձագանքը

14:22, 25 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն այդ երկիր վերադառնալու թույլտվության դիմաց վաղուց հոգին վաճառել է Բաքվի բռնապետական ռեժիմին: Այս մասին ասաց  ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին Մութալիբովի տված մեկնաբանությանը՝ ԵԽԽՎ-ում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ:

«Ադրբեջան վերադառնալու թույլտվության դիմաց Մութալիբովը թե հոգին, թե իր կենսագրությունը վաղուց վաճառել է Բաքվի բռնապետական ռեժիմին։ Ու Սեիդովի երեկվա ոճով արված այս ջղային արձագանքը ռեժիմին իր հավատարմությունը վերահաստատելու շարքից է։ Նույն տրամաբանությամբ նա վաղը կարող է հայտարարել, որ իր հրաժարականի իրական նպատակը Հեյդար Ալիևի համար նախագահի աթոռն ազատելն էր»,- ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակը։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 24-ին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում իր ելույթից հետո ագրեսիվ հարց հնչեցնող ադրբեջանցի պատգամավորին հանդարտ լինելու, հանգստանալու և փաստերը չխեղաթյուրելու կոչ արեց: Անդրադառնալով ադրբեջանցի պատվիրակի հարցին, թե ինչո՞ւ իր ելույթում չի անդրադարձել Խոջալուի դեպքերին` Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Թե ինչու ես չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որը դուք ցեղասպանություն եք համարում, շատ պարզ պատճառով` որովհետև այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի Հանրապետության նախագահ Այազ Մութալիբովը շատ հանգամանալից և շատ տեղեկացված ձևով շարադրել է փաստեր և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները: Եվ ես շատ ափսոսում եմ: Ցեղասպանությունը լավ բան չէ, ցեղասպանություն տանելը տանջանք է, և կարծում եմ, որ Ադրբեջանում մի միտում կա` անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը: Գիտեք սա անթույլատրելի մի բան է: Ինչի՞ համար է ձեզ պետք մի բան անվանել ցեղասպանություն, որ երբեք չի եղել, հատկապես հայերի կողմից չի եղել»:


© 2009 ARMENPRESS.am