Քաղաքաշինության պետական կոմիտեն հայտարարում է «Տարվա նախագիծ և կառույց-2017» մրցույթ-ցուցահանդես
18:49, 23 Հունիս, 2017ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն հայտարարում է «Տարվա նախագիծ և կառույց-2017» մրցույթ-ցուցահանդես (http://minurban.am/am/news/736): Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրականացված քաղաքաշինական համալիրների, բնակելի, հասարակական, արտադրական և բազմաֆունկցիոնալ նշանակության կառույցների, ինտերիերների, ճարտարապետական փոքր ձևերի, բարեկարգման և այլ բնույթի նախագծերի հեղինակները կամ հեղինակային խմբերը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, մրցույթի հաղթողներն ընտրվելու են հետևյալ անվանակարգերում.
«Ճարտարապետական կառույց» (բնակելի, հասարակական, արտադրական և բազմաֆունկցիոնալ նշանակության իրականացված շենքեր),
«Ճարտարապետական նախագիծ» (բնակելի, հասարակական, արտադրական և բազմաֆունկցիոնալ նշանակության շենքերի նախագիծ),
«Լանդշաֆտային ճարտարապետություն/դիզայն» (տարածքի ծավալատարածական կազմակերպման իրականացված նախագիծ),
«Ինտերիերի դիզայն» (բնակելի, հասարակական, արտադրական և բազմաֆունկցիոնալ նշանակության շենքերի իրականացված ինտերիեր),
«Պատմամշակութային հուշարձանի վերականգնում և վերակառուցում» (իրականացված նախագիծ),
«Լավագույն տպագիր հրատարակություն (ֆիլմ) ճարտարապետության բնագավառի վերաբերյալ»։
Մրցույթ-ցուցահանդեսի հաղթողները պարգևատրվելու են`
առաջին կարգի մրցանակ` 600 000 ՀՀ դրամ,
երկրորդ կարգի երկու մրցանակ, յուրաքանչյուրը` 400 000 ՀՀ դրամ,
երրորդ կարգի երեք մրցանակ, յուրաքանչյուրը` 200 000 ՀՀ դրամ գումարով:
Մասնակիցներին հանձնվելու են նաև մասնակցության դիպլոմներ և մրցույթ-ցուցահանդեսի կատալոգներ: Մրցանակների հանձնումը կկատարավի հանդիսավոր պայմաններում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի դահլիճում: Մրցույթին ներկայացված աշխատանքները, արդյունքներից անկախ, ի պահ են հանձնվելու թանգարանին:
Մրցույթին մասնակցելու հայտերի վերջնաժամկետն է` 2017 թվականի սեպտեմբերի 20-ը: Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը՝ 2017 թվականի հոկտեմբերի 10-ը:
Աշխատանքները պետք է ներկայացնել Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, մուտքը՝ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի կողմից, հեռ. +374 10 52-46-30, էլ. հասցե` [email protected]
© 2009 ARMENPRESS.am