Զոհված տղաների հերոսությունները պետք է ոսկե տառերով գրվեն պատմության էջերում. Ադամ Սահակյանի մայր
15:24, 5 Նոյեմբեր, 2016ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված տղաների կյանքն ու մահը սովորական չէին, այլ հերոսական և պետք է ոսկե տառերով գրվեն հայոց պատմության էջերում: Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի համաժողովի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայող Ադամ Սահակյանի մայրը` Գայանե Սահակյանը: «Հիմա, ավելի քան երբևէ բոլորը հասկանում են, որ տղաները մեծ աշխարհաքաղաքական աղետ են կանխել՝ խափանելով թշնամու ծրագրերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:
Գայանե Սահակյանը հավելեց, որ վիշտը մեծ է իր և հայրենիքի համար նահատակված մյուս զինվորների ծնողների համար, բայց կա մի անսահման հպարտություն, որ իր որդին` սերժանտ Ադամ Սահակյանը, 2016 թվականի ապրիլի 1 լույս 2-ի գիշերը, գտնվելով Ջաբրայիլի մարտական դիրքերից մեկում և լինելով այդ դիրքի ավագը, գլխավորել է մարտը և մոտ 4-5 ժամ պահել է դիրքը, իր ջոկատով հետ մղել թշնամուն՝ հասցելով նրան զգալի կորուստներ, պայքարելով արյան մինչև վերջին կաթիլը՝ ընկնելով հերոսի մահով: «Կրկին ու կրկին ուզում եմ ասել՝ փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր ընկել են հայոց հողը պաշտպանելու համար»,- նշեց նա:
© 2009 ARMENPRESS.am