«Ներդաշնակության մեղեդին» կհնչի նաև Ստամբուլում

21:38, 14 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ և թուրք երաժիշտները դեկտեմբերի 14-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում հանդես եկան «Ներդաշնակության մեղեդին» համերգ-նախաձեռնությամբ:

«The Beautified Project» ռոք խումբը, ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն և ժողովրդական գործիքների թուրք կատարողներ Գյոքսել Բակտագիրը, Բուրակ Մալչոկը, Օսման Յուրդալ Թոքջանը և Մերթ Էլմասը հայ հանդիսատեսին ներկայացրին նոր գործիքավորումներով տարբեր ստեղծագործություններ:

«Այս ամենը վավերագրական ֆիլմի կվերածվի, ամեն ինչ նկարահանվել է տեսախցիկների միջոցով, ֆիլմի տեսքով կտեսնեք հետո: Նույն ծրագրով Ստամբուլում դեկտեմբերի 22-ին համերգ կունենանք. այն մի քիչ ավելի երկար կտևի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Սիբիլը:

Երգչուհին նշեց, որ համերգի փորձերը շատ լավ են անցել:

«Մենք չէինք պատկերացնի, որ այսքան լավ կլինի: Երկու տարբեր երաժշտություն, արևելքն ու արևմուտքը միացան: Հոյակապ բան եղավ»,-նշեց նա:

«The Beautified Project» խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը տեղեկացրեց, որ նորաստեղծ «Don't blame me» երգը, որը ներկայացվեց երեկոյի ընթացքում, քաղաքական ենթատեքստ չունի:

«Սա հասարակ հայ և թուրք քաղաքացիների մեջ խոսակցություն է: Այս երաժիշտները, որոնց հետ աշխատում ենք, Թուրքիայում ներկայացնում են հայ երգարվեստը»,-շեշտեց Անդրե Սիմոնյանը:

Նախաձեռնությանն աջակցել է ՀՀ-ում ԱՄն դեսպանությունը: Ավելի վաղ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել էր, որ կարևորում է նախաձեռնությունը:


© 2009 ARMENPRESS.am