Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

ԱՄՆ դեսպանությունը կարևորում է «Ներդաշնակության մեղեդին» նախաձեռնությունը. դեսպան

 ԱՄՆ դեսպանությունը կարևորում է «Ներդաշնակության մեղեդին» նախաձեռնությունը. 
դեսպան

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ դեսպանությունը ուրախ է աջակցելու «Ներդաշնակության մեղեդին» նախաձեռնությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում համերգից առաջ նշեց ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

«Շատ մեծ կարևորություն ունեն նման նախաձեռնությունները այն ժողովուրդների համար, որոնց միջև եղել են շփումներ, բայց` ոչ բավարար մակարդակով: Այս նախաձեռնության շրջանակում հայկական «The Beautified Project» ռոք խումբը, թուրքահայ երգչուհի Սիբիլը և չորս թուրք երաժիշտներ միասին հանդես են գալիս` անմոռանալի երաժշտական երեկո պարգևելու համար: Երաժշտությունը, որ մենք այս երեկո լսելու ենք, միավորելու է մարդկանց, ժողովուրդներին, այն վերացնում է արգելքները, բացում սահմանները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Ռիչարդ Միլսը:

ԱՄՆ դեսպանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 14-ի երեկոյան կայանալիք համերգին նոր երգ կներկայացվի:

«Երգը կոչվում է Don't blame me, այն առաջին անգամ ներկայացվում է Երևանում, մեկ շաբաթ հետո կլինի երգի պրեմիերան Ստամբուլում: Այս երգը հեղինակել է «The Beautified Project» -ի ղեկավար Անդրե Սիմոնյանը: Այն մարմնավորում է բոլոր այն արժեքները, որին միտված է նախաձեռնությունը: ԱՄՆ դեսպանությունը շատ ուրախ է, որ կարողանում է աջակցել նախաձեռնությանը: Նախաձեռնություն, որը միավորում է այս երաժիշտներին, որի շրջանակում ձևավորվում է ներդաշնակության մեղեդին»,-շեշտեց Միլսը:

«Ներդաշնակության մեղեդին» դեկտեմբերի 14-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմին կմիավորի հայ և թուրք երաժիշտների: Նույն բեմում հանդես կգան հայ հանրահայտ «The Beautified Project» ռոք խումբը, ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն և ժողովրդական գործիքների թուրք հայտնի կատարողներ Գյոքսել Բակտագիրը, Բուրակ Մալչոկը, Օսման Յուրդալ Թոքջանը և Մերթ Էլմասը: Դեկտեմբերի  22-ին նույն կազմով հանդես կգան Ստամբուլում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]