Հայաստանն ակնկալում է Ադրբեջանի դրական արձագանքը խաղաղության պայմանագրի իր առաջարկների վերաբերյալ

11:36, 22 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները. Հայաստանը պատրաստ է ստորագրել այդ բովանդակության պայմանագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետն այս մասին հայտարարեց ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ:

«Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները և մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակության պայմանագիրը: Հույս ունեմ, Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ հայկական կողմը դեռևս ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների  հետ կապված իր առաջարկները, սակայն մինչև օրս Հայաստանը պատասխան չի ստանցել:

«Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ իր առաջարկները և պատրաստ է այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծման: Հայաստանի Հանրապետությունը դեռ ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանային անվտանգության երաշխավորման մասին իր առաջարկները, բայց մինչև օրս պատասխան չենք ստացել: Ասեմ, որ այդ առաջարկները ներառում են Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքների խնդրի լուծումը: Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան, և նրա զորքերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից»,- ընդգծեց Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am