Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ արտգործնախարարը դրական է գնահատում Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի լրագրողների փոխայցելությունը

ՀՀ արտգործնախարարը դրական է գնահատում Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի 
լրագրողների փոխայցելությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը դրական է գնահատում Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի լրագրողների փոխայցելությունը, որի ընթացքում Հայաստանն ու Արցախը ներկայացնող լրագրողները հնարավորություն են ունեցել լինել Ադրբեջանում, իսկ Ադրբեջանի լրագրողներն այցելել են Հայաստան և Արցախ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանն ասաց նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում:

«Շատ պատասխանատու պահ էր, որովհետև, ինչպես տեսաք, այս ամենը բխում էր մեր պայմանավորվածություններից, այս ամենը բխում էր նաև մեր քաղաքականությունից, որ, եթե մենք գործնական աշխատում ենք խաղաղ գործընթացի ուղղությամբ, անհնար է սպասել առաջընթացի, եթե մենք չունենք համապատասխան միջավայր, սակայն միջավայրն այնպիսին է, որ անհնար է սպասել ճեղքումներ կամ անմիջական արդյունքներ այս մեկ միջոցառումից: Շատ էական էր, որ այս ծրագիրն իրականացվում էր լրագրողների մակարդակով, այսինքն` այն մարդկանց մակարդակով, որոնք կարծիք ստեղծող են, լրագրողներ են, տեղեկատվություն ստեղծողներ են: Մեր կողմից երկու հոգի Հայաստանից, երկու հոգի Արցախից եղան այնտեղ, իրենց մասնագիտական բնագավառի գործընկերների հետ հանդիպեցին: Չեն եղել որևէ պաշտոնական հանդիպումներ, սա էլ է մտածված: Մենք ունենք այս արդյունքը, չեմ ուզում շտապել, անմիջապես կառուցել բոլոր մնացած քայլերը: Ես դրական եմ գնահատում, որ սա տեղի ունեցավ: Մենք ստեղծեցինք մի նոր բովանդակություն, որը շատ էական է»,- ասաց Մնացականյանը:

Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ: Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am