Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Ապրիլ

Նիկոլ Փաշինյանը և Հարլեմ Դեզիրը մտքեր են փոխանակել լրատվամիջոցների անկախության հարցի շուրջ

Նիկոլ Փաշինյանը և Հարլեմ Դեզիրը մտքեր են փոխանակել լրատվամիջոցների 
անկախության հարցի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի այցը Հայաստան և մասնակցությունը ՄԻՊ հաստատության 15-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովին: Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունը մարդու իրավունքների, ներառյալ՝ ազատ խոսքի իրավունքի պաշտպանության ոլորտում և ընդգծել, որ ներկայում ՀՀ-ում մամուլի ազատությունը, արտահայտվելու ազատությունը գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակում, ինչի վկայությունը նաև միջազգային կառույցների գնահատականներն են: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստանում համացանցում խոսքի  ազատությանը և նշել, որ այդ ցուցանիշով Հայաստանն այսօր աշխարհում 8-րդ տեղն է զբաղեցնում: Վարչապետի խոսքով՝ սա ցույց է տալիս ՀՀ կառավարության հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին ու իրավունքներին, որոնց շարքում խոսքի և մամուլի ազատությունը հիմնարար նշանակություն ունի:

Հարլեմ Դեզիրը գոհունակություն է հայտնել ՄԻՊ գործունեության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու կապակցությամբ և կարևորել Հայաստանի կառավարության, ՀՀ համապատասխան պետական գերատեսչությունների հետ համագործակցությունը: ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը բարձր է գնահատել մեր երկրում մամուլի, խոսքի ազատության մակարդակը և ողջունել դրա ապահովման ուղղությամբ կառավարության աշխատանքը:

Զրուցակիցներն անդրադարձել են ոլորտում թե՛ տեղական, թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային մակարդակով առկա մարտահրավերներին և այդ համատեքստում մտքեր փոխանակել կեղծ լուրերի (fake news), ապատեղեկատվության, ատելության խոսքի հետ կապված իրավիճակի, դրան հակազդելու քայլերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը խոսել է անցյալ շաբաթ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի լրագրողների փոխայցերի մասին, որը կարող է ծառայել փոխադարձ վստահության ձևավորմանը և ատելության խոսքի նվազեցմանը: ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել դրա շարունակականությունը:

Նիկոլ Փաշինյանը և Հարլեմ Դեզիրը մտքեր են փոխանակել նաև լրատվամիջոցների անկախության՝ որպես մամուլի ազատության կարևոր երաշխիքի, հանրություն-կառավարություն երկխոսության գործում ԶԼՄ-ների անաչառ և համակողմանի լուսաբանման կարևորության, էլեկտրոնային հարթակների և սոցիալական ցանցերի դերի շուրջ: Քննարկվել են նշված և մի շարք այլ ուղղություններով ևս համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ համագործակցությունը՝ Հայաստանում խոսքի և մամուլի ազատության ոլորտում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ: Հարլեմ Դեզիրը նշել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակել գործակցությունը փորձի փոխանակմանը միտված նախաձեռնությունների, թրեյնինգների և խորհրդատվական օժանդակության ապահովմամբ:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ