Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լինել ամենահաճախորդակենտրոնը. Ամազոնի ներկայացուցիչը Հայաստանում կիսվեց իրենց գործելաոճով

Լինել ամենահաճախորդակենտրոնը. Ամազոնի ներկայացուցիչը Հայաստանում կիսվեց 
իրենց գործելաոճով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օնլայն գնումներով զբաղվող ամենամեծ ընկերություններից մեկի` «Ամազոն»-ի առաքելությունն է լինել ամենահաճախորդակենտրոն ծառայություններ մատուցողը: Ընկերությունը մշտապես կապի մեջ է հաճախորդների հետ` հասկանալու նրանց կարիքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Amazon Web Service-ի տարածքային կառավարիչ Վերանիկա Ռամանովսկայան ընկերության գործելաոճով, հաջողության բանաձևով ու նորարարություններով կիսվեց Հայաստանում ոլորտի ներկայացուցիչների հետ` Ամերիաբանկի և Amazon Web services-ի համագործակցության շրջանակում անցկացվող ScaleUp ինովացիոն ֆորումում:

Նա նախ շնորհակալություն հայտնեց Ամերիաբանկին և դրա նորարար թիմին նման նախաձեռնության համար:

«Ամազոնի առաքելությունն է դառնալ ամենահաճախորդակենտրոն ծառայություններ մատուցողը: Եվ մենք հենց դրանից ենք սկսում, դա մեր առաջնային կետն Է` հասկանալ այն անհանգստությունները, այն մտահոգությունները, որ հաճախորդն ունի: Շատերը կենտրոնանում են տեխնոլոգիաների վրա, շատերը` մրցակցության, մենք Ամազոնում մեծապես կենտրոնացած ենք հենց հաճախորդների վրա: Երբ սկսում եք հաճախորդներից, ձեր առաջ բացվում են մի շարք ասպեկտներ»,-ասաց Ռամանովսկայան:

Նա նշեց, որ սկսել են գրքերի օնլայն վաճառքից, սակայն հետո իրենց գործունեությունը շատ է ընդլայնվել: Այսօր արդեն օնլայն գնումների համար պետք է ունենալ ընդամենը Ամազոնի հավելվածը: Ընկերությունն իր գործունեության հենց սկզբից ուշադրության կենտրոնում է պահել հաճախորդներին: Նրա խոսքով` հաճախորդների կարիքները հասկանալու գործում մեծապես օգնում է արհեստական բանականությունը, որ իրենք կիրառում են Ամազոնում: «Դրա միջոցով մենք կարողանում ենք հասկանալ, թե ինչ կարիքներ ու պահանջներ կան շուկայում: Արհեստական բանականության միջոցով մենք կարողանում ենք այդ հետազոտությունն իրականացնել: Սա մեզ օգնում է, որ միշտ առաջատար դեր խաղանք»,-նշեց Ռամանովսկայան:

Նա շեշտեց` ընկերությունները պետք է ունենան նորարարությունների մշակույթ, շատ կարևորեց մանրուքներն ուշադրություն դարձնելը: «Ինովացիոն մշակույթը պետք է ներդրված լինի թիմի յուրաքանչյուր անդամի մտածելակերպի մեջ, պետք է նաև հանդուրժողականություն ունենալ: Փորձարկումներ անելը և ձախողելը նորմալ է, պետք չէ դրանից կաշկանդվել: Նաև պետք է ունենալ պատրաստակամություն, որ ինչ-որ գործընթաց պետք է անել երկարաժամկետ»,-ասաց Ռամանովսկայան ու նկատեց` հաճախ հաճախորդներից երկար ժամանակ է պահանջվում` հասկանալու նոր ստեղծված արտադրանքը:

Անդրադառնալով ապագային` նա հարցադրում արեց` ինչ կփոխվի  ընկերությունում 10 տարի հետո: Տարածքային կառավարիչը նկատեց` շատ բաներ չեն փոխվելու 10 տարի հետո: «Եվ երբ գտնում եք այն բաները, որոնք անգամ 10 տարի հետո չեն փոխվելու, պետք է դրանք հիմնաքար դարձնեք: Օրինակ, հաճախորդները երբեք չեն ցանկանա գնել թանկ ապրանքներ, չեն ցանկանա ծառայությունների դանդաղ մատուցում»,-նշեց նա:

Ապրանքների բազմազանությունը, ընտրության լայն հնարավորությունը բերում են շատ հաճախորդներ: Սա է այն հիմնական կետերից է, որ «Ամազոն»-ը կարևորում է:

2000-ականներին, երբ մարդիկ օնլայն գնումներ էին անում, նրանք չգիտեին, թե որքան գումար պետք է վճարեին ապրանքի փոխադրման համար: «Եթե անդամագրվեք Ամազոնին, ապրանքների փոխադրումը տարբեր երկրներից կարող է լինել անվճար, եթե նախապես որոշակի գումար եք վճարել»,-նշեց Ռամանովսկայան:

Ընկերության նորարարություններից է նաև անօդաչու սարքերով առաքման հնարավորությունը: Դրոնի միջոցով րոպեների ընթացքում հաճախորդներին են ուղարկում ապրանքը: «Ամազոն»-ի գործելաոճի կարևոր բաղադրիչներից մեկն էլ այն է, որ ինովացիոն համակարգերով զբաղվողները մշտապես ուսումնասիրություն են անում ու հետևողական լինում խնդիրների նկատմամբ, որ դրանք չկրկնվեն: Հնարավոր թերությունները կանխելու նպատակով ընկերությունը պարբերաբար հրավիրում է մամուլի ասուլիս, նայում հաճախորդների հարցերը, կապ պահպանում հաճախորդների հետ` հասկանալու նրանց կարիքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am