Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

«Սիլք Նոութ» փառատոնը Հայաստան կբերի զբոսաշրջիկների աշխարհի տարբեր երկրներից

«Սիլք Նոութ» փառատոնը Հայաստան կբերի զբոսաշրջիկների աշխարհի տարբեր 
երկրներից

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում մշակութային տուրիզմը զարգացնելու նպատակով անցկացվելու է «Սիլք Նոութ» փառատոնը, որի շրջանակում Երևանում ելույթ են ունենալու համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին փառատոնի նախաձեռնողները:

«Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը շեշտեց, որ մշակութային տուրիզմը Հայաստանում բավականին հեռանկարային ուղղություն է` հաշվի առնելով երկրի պատմամշակութային արժեքները, գործոններ, որոնք Հայաստանը գրավիչ են դարձնում:

«Մեր երկրում զբոսաշրջության զարգացման հետ կապված բացը կարող ենք լրացնել մասսայական միջոցառումների, փառատոների միջոցով»,-ասաց նա ու հավելեց, որ նման նախաձեռնությունների շրջանակում անհրաժեշտ է ներգրավել հանրահայտ երաժիշտների, խմբերի, որոնց սիրում է աշխարհը:

«Սիլք Նոութ» փառատոնի տնօրեն Արազ Բաղդասարյանն էլ ընդգծեց, որ փառատոնը ճանաչված ստեղծագործողների շնորհիվ հնարավորություն կտա Հայաստանի վրա հրավիրել միջազգային մամուլի ուշադրությունը և, երաժիշտների գործոնն օգտագործելով, մեր երկիր բերել բազմաթիվ զբոսաշրջիկների: «Փառատոնն իրականացվում է միջազգային  ամենաբարձր չափանիշներին համապատասխան թե’ լուսային, թե’ տեխնիկական  սպասարկման առումով: Ամբողջ տեխնիկան բերվելու է արտասահմանից,  սպասարկող անձնակազմը Եվրոպայից է»,-տեղեկացրեց Բաղդասարյանը:

Նա ասաց, որ արդեն իսկ կան պայմանավորվածություններ, և փառատոնի ընթացքում Հայաստան են գալու զբոսաշրջիկներ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, եվրոպական երկրներից: «Հրավիրյալ խմբերը փառատոնի և Հայաստանի մասին տեղեկություններ են տարածում իրենց պաշտոնական էջերում, որոնց հետևում են միլիոնավոր մարդիկ»,-եզրափակեց փառատոնի տնօրենը:

«Սիլք Նոութ»-ի շրջանակում նոյեմբերի 6-ին տեղի կունենա «Գրեմմի» մրցանակի դափնեկիր և «Բրիտս» մրցանակի առաջադրված աշխարհահռչակ «Jamiraquai» խմբի համերգը, նոյեմբերի 8-ին տեղի կունենա էլեկտրոնային երաժշտության միջազգային հարթակում աշխարհահռչակ բենդերից  մեկի՝ «Parov Stelar»-ի համերգը: Խումբը «Amadeus Austrian Music Awards»-ի հաղթող է, իսկ նոյեմբերի 10-ին Հայաստանում հանդես կգա կիթառահար Էլ Դի Մեոլան, որն արժանացել է բազմաթիվ բարձրագույն պարգևների,  համարվում է աշխարհի երեք ամենահայտնի կիթառի վարպետներից մեկը։

Բոլոր համերգային ծրագրերը տեղի կունենան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Համերգներից ստացած ամբողջ հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների արդիականացմանը։

Փառատոնը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]