Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիան շարունակում է անվտանգության լուրջ սպառնալիք մնալ հայ ժողովրդի համար. Նիկոլ Փաշինյան

Թուրքիան շարունակում է անվտանգության լուրջ սպառնալիք մնալ հայ ժողովրդի 
համար. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, ով արդեն մեկ անգամ եղել է ցեղասպանության զոհ եւ ականատեսն է պատմական ճշմարտության ժխտման եւ կատաղի դիմադրության:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցավոք, մեր մոլորակը բոլորիս համար ավելի ապահով վայր չդարձավ այս տարի: Դժվար է գտնել աշխարհի որևէ տարածաշրջան, որն ինքնին ապակայունացված չէ կամ չի տուժել հարևան տարածաշրջանի լարվածության հետևանքով: Հայաստանի 4 սահմաններից 2-ը, այդ թվում` Թուրքիայի հետ սահմանը, փակ է արդեն շուրջ 3 տասնամյակ: Հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, Ադրբեջանին աջակցելով ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի՝ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, ով արդեն մեկ անգամ եղել է ցեղասպանության զոհ եւ ականատեսն է պատմական ճշմարտության ժխտման եւ կատաղի դիմադրության»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նա հավելել է, որ հարևանների և ռազմավարական գործընկերների միջև հարաբերություններում առկա տարաբնույթ լարվածությունը Հայաստանին շատ անհարմար իրավիճակի մեջ է դնում: «Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, Վրաստանը և Իրանը մեր ռազմավարական հարևաններն են: ԱՄՆ-ի, Եվրամիության եւ վերջինիս անդամ պետությունների հետ մենք ունենք ռազմավարական օրակարգ եւ գործընկերային հարաբերություններ: Մեզ համար լուրջ մարտահրավեր է մեր գործընկերների միջև տարաձայնությունների թնջուկում հայտնվելը, քանի որ մենք անընդհատ ենթարկվում ենք նրանց մի մասի, կամ որ ավելի վատ է՝բոլորի կողմից ճիշտ չընկալվելու ռիսկին: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հուսալի գործընկեր և լավ բարեկամ լինենք բոլորի համար՝ առանց որևէ մեկի հետ մեր հարաբերությունները վնասելու: Եվ մենք կշարունակենք ջանքեր գործադրել մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական միջավայրն առավել անվտանգ դարձնելու համար»,- նշել է Փաշինյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am