1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի և Արցախի միջև ռոումինգի ելքային զանգի առավելագույն սակագինը կդառնա 27, մուտքայինը՝ 13 դրամ

Հայաստանի և Արցախի միջև ռոումինգի ելքային զանգի առավելագույն սակագինը 
կդառնա 27, մուտքայինը՝ 13 դրամ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Արցախի շարժական կապի օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների առավելագույն սակագինը 2020-ի հունվարից էականորեն կնվազի: Ելքային զանգերի սակագինը կնվազի շուրջ 25 տոկոսով, այնուհետև՝ 30 տոկոսով՝ հասնելով ընդհուպ 27 դրամի: Իսկ մուտքային զանգերինը կնվազի 40 տոկոսով, այնուհետև 45 տոկոսով՝ հասնելով 13 դրամի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին խոսեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը:

Ելքային զանգերի առավելագույն սակագինը(դրամ/րոպե) 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 հուլիսի 1-ը 38 դրամից կդառնա 29 դրամ, հուլիսի 1-ից մինչև 2021-ի հունվարի 1-ը՝ 28 դրամ, իսկ 2021-ի հունվարից հետո՝ 27 դրամ: Մուտքային զանգերի 25 դրամը 2020 թվականի հունվարի մեկից մինչև 2020 հուլիսի 1-ը նվազի՝ դառնալով 15 դրամ, ապա հուլիսի 1-ից մինչև 2021-ի հունվարի 1-ը՝ 14 դրամ, իսկ 2021-ից հունվարից հետո՝ 13 դրամ: Նույն հաջորդականությամբ կնվազի նաև տվյալներից փոխանցման և ինտերնետ հասանելիության սակագինը (դրամ/ՄԲ)՝ 45 դրամից դառնալով 22, ապա՝ 17 և կհասնի 15 դրամի: Կարճ հաղորդագրությունների (SMS) (դրամ/sms) սակագինը 40 դրամից կնվազի՝ դառնալով 15 դրամ, ապա՝ 10 դրամ:

Գևորգյանը շեշտեց՝ սրանք առավելագույն թվերն են, օպերատորներն ազատ են այդ թվերից ավելի ցածր գներ սահմանելու:

«Սպասվող նվազեցումները տեղի ունեցան ոչ միայն մեր և  Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների աշխատանքի արդյունքում, ներգրավված էր նաև մասնավոր հատվածը՝ Արցախի և Հայաստանի օպերատորները: Ռոումինգ ծառայության վճարները կարգավորման ենթակա չեն, և պարզապես բանակցությունների շնորհիվ, հաշվի առնելով նաև ապագայի կանխատեսումները, ծառայությունների էլաստիկությունը, հնարավոր եղավ այս արդյունքին հասնել»,-ասաց Գևորգյանը:

Նախկինում պարբերաբար ևս եղել են նվազեցումներ: Գևորգյանը նկատեց՝ ռոումինգ ծառայությունների վճարներն ուղղակիորեն կախված են նաև  նրանից, թե որքան են ներքին սակագները:  Նա նկատեց՝ եթե ավելի ցածր սակագներով մատուցվի ռոումինգը, քան ներքին ծառայություններինը, ապա բաժանորդները բոլորը կօգտվեն ռոումինգ ծառայություններից, այլ ոչ թե տեղական օպերատորից: «2020-ից սպասվող նվազեցումներին հնարավոր եղավ հասնել նաև Արցախի օպերատորի նախորդ տարվա ներքին գների նվազեցումների շնորհիվ»,-ասաց Գևորգյանը:

Հարցին, թե արդյոք կրկին նվազեցումներ կլինեն, նա նշեց՝ գների իջեցումը որոշակի պարբերականություն է նախատեսում, որպեսզի օպերատորները կարողանան գնահատել սպառողական վարքագիծը, ծառայությունների ծավալները: «Եթե տեղ, հնարավորություն լինի, ինչու ոչ, միգուցե նորից բանակցենք, և գներն իջեցվեն»,-ասաց Գևորգյանը:

Հարցին, թե արդյոք կա տեսական հնարավորություն՝ ռոումինգից հրաժարվելու և միասնական ցանց ունենալու՝ Գևորգյանը պատասխանեց՝ տեսականորեն հնարավոր է: «Այն ենթադրում է, որ հայաստանյան օպերատորներն իրենց ենթակառուցվածքներով պետք է ներկա գտնվեն Արցախում, Արցախինը՝ Հայաստանում: Պարզապես գործնականում որոշակի խնդիրներ են առաջ գալիս՝ կապված Արցախի Հանրապետության միջազգայնորեն չճանաչված լինելու հանգամանքով, որտեղ որոշակի սահմանափակումներ են լինում շատ օպերատորների համար։ Օպերատորներ կան, որոնց բաժնետոմսերը ցուցակված են տարբեր ֆոնդային բորսաներում, և որոշակի սահմանափակումներ կան չճանաչված պետություններում ծառայությունների մատուցման հետ: Եթե քաղաքական կոմպոնենտը հանենք, ապա կգա տնտեսական կոմպոնենտը, որտեղ օպերատորների համար գործնականում այս առումով կան որոշակի բիզնես ռիսկեր՝ Արցախի շուկան է փոքր, որում արդեն գործում է օպերատոր: Բայց և այնպես, չի բացառվում այդ հնարավորությունը, բոլորս էլ ցանկանում ենք, որ նման բան լինի»,-ասաց Գևորգյանը:

2020-ի հունվարից Հայաստանի և Արցախի շարժական կապի օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների առավելագույն սակագների նվազեցման վերաբերյալ հուշագիրը ստորագրվել է սեպտեմբերին: Ռոումինգի ծառայությունների սակագների նվազեցումներ եղել էին նաև 2019-ի օգոստոսի 1-ից՝ երկու օպերատորների վճարները հավասարեցվել էին երրորդ օպերատորի սակագներին:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]