Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սարյանի անվան լարային քառյակն առաջին անգամ հնչեցրեց Մանսուրյանի կամերային գործերը

Սարյանի անվան լարային քառյակն առաջին անգամ հնչեցրեց Մանսուրյանի կամերային գործերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաեստրո Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ սեպտեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Ղազարոս Սարյանի անվան լարային քառյակն առաջին անգամ կատարեց կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունների ընտրանին: Համերգային երեկոյի մենակատարներն էին դաշնակահարներ Իզաբելլա Մելքոնյանը, Պավել Դոմբրովսկին, ալտահար Սերգեյ Պոլտավսկին, սոպրանո Աննա Ավդալյանը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տիգրան Մանսուրյանը խոստովանեց, որ իրեն շատ են դուր եկել իր հոբելյանի առթիվ Արցախում կազմակերպված համերգային երեկոները, որոնք վայելելու են եկել բազմաթիվ երաժշտասերներ: «Տպավորիչ էր համերգային ծրագիրը, որի ընթացքում հնչում էր իմ կինոերաժշտությունը: Կատարումներին զուգահեռ էկրաններին ցուցադրվում էին տարբեր ֆիլմերից հատվածներ:  Մարդիկ ունկնդրում էին և՛ նստած, և՛ կանգնած: Ամբողջ հրապարակը լեփ-լեցուն էր»,- պատմեց կոմպոզիտորը: 

Նա  նշեց, որ իր հոգևոր հայրերն են Կոմիտասը, Ռոմանոս Մելիքյանը, Դեբյուսին և դասական երաժշտության  այլ մեծեր: «Հիանում եմ և՛ հայ, և՛ օտարազգի հանճարեղ բանաստեղծներով, բայց սիրում եմ հայոց լեզուն բերել երաժշտություն: Ոգեշնչվելով Չարենցից, Իսահակյանից, Բաղդասար Դպիրից՝ նրանց գործերի հիման վրա եմ ստեղծագործություններ գրել»,-ընդգծեց Մանսուրյանն ու հավելեց, որ իր համար թանկ են կամերային գործերը, որոնք փոքր-ինչ բարդ են կատարման տեսանկյունից: 

Անդրադառնալով լարային քառյակի համերգային երեկոյին՝ նա շեշտեց, որ աշխատել է քառյակի հետ ու  շատ է հավանում նրանց:

«Մեր քառյակն առաջին անգամ է կատարում մաեստրոյի կամերային գործերը, որոնք բավականին բարդ են և՛ ռիթմի, և՛ տեմպի առումով: Որպեսզի հաջող ստացվի ամեն բան, աշխատել ենք հենց Տիգրան Մանսուրյանի հետ և մեծ բավականություն ստացել»,-ասաց քառյակի առաջին ջութակ Էրիկ Մանուկյանը:

Նա նշեց, որ հանրության լայն շրջանակին ավելի հայտնի է կոմպոզիտորի կինոերաժշտությունը, սակայն Մանսուրյանն ունի հրաշալի սիմֆոնիկ ստեղծագործություններ, որոնք նվագախումբը կատարելու է: «Այս նախաձեռնությունը հանդիսատեսին հնարավորություն է տալիս ճանաչել մաեստրոյի մյուս գործերը ևս»,-ասաց երաժիշտն ու հավելեց, որ Եվրոպայում Մանսուրյանի ժամանակակից գործերը լայն տարածում և մեծ պահանջարկ ունեն:

«Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը մեկնարկել է սեպտեմբերի 1-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածնունդ հրապարակում: Այնտեղ հնչել է մաեստրոյի կինոերաժշտությունը:

Մանսուրյանի կամերային ստեղծագործությունները, կոնցերտները, բալետային և կինոերաժշտությունը Երևանում ներկայացվելու են նաև սեպտեմբերի 5-ին և 6-ին: Սեպտեմբերի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարելու է կոմպոզիտորի գործիքային կոնցերտները։ Սեպտեմբերի 6-ին Սիմֆոնիկ նվագախումբը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես է գալու Մանսուրյանի կինոերաժշտությամբ։

Համերգաշարն ամփոփվելու է սեպտեմբերի 13-ին Գյումրիում՝ կրկին կինոերաժշտության կատարումներով:

Նախաձեռնությունն իրականացնում է  Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am