Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

ՀՀ դեսպան Գևորգյանը Հորդանանի պաշտոնյաների հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հորդանանում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը (նստավայրը Դամասկոս) հավատարմագրերի պատճենը հանձնելու նպատակով հուլիսի 22-25-ը այցելել է Ամման։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այցի շրջանակներում դեսպան Գևորգյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության ԱԳՆ գլխավոր քարտուղար Զեյդ ալ Լոզիի (Zaid al-Louzi), Սենատի՝ Հորդանան-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ուաջիհ Ուեյսի (Whajih Owais), արդյունաբերության, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Տարեկ Համմուրիի (Tariq Hammouri), միջնակարգ ու բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Ուալիդ Սալեմ ալ Մաանիի (Walid al Maani), մշակույթի և երիտասարդության նախարար Մուհամմադ Աբու Ռումանի (Mohammad Abu Rumman), ինչպես նաև Ամմանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Խալիլ Հաջ Թաուֆիկի (Khalil Haj Tawfiq) հետ։ 

Հորդանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ ՀՀԹ արդյունաբերության նախարար Տարեկ Համուրիի հետ քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունն աշխուժացնելու հեռանկարները։

Դեսպան Գևորգյանը առևտրաարդյունաբերական ոլորտում հայ-հորդանանյան համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել նաև Ամմանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Խալիլ Հաջ Թաուֆիկի հետ։ Զրուցակիցները պայմանավորվել են մշտական կապ պահպանել` անհրաժեշտ տեղեկատվության արագ փոխանակման նպատակով։ 

Կրթության նախարար Ուաջիհ Ուեյսիի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության և գիտության ոլորտում առկա իրավապայմանագրային բազայի թարմացման և ընդլայնման անհրաժեշտությանը, ինչպես նաև փոխանակման ծրագրով սովորող հորդանանցի և հայ ուսանողների կենցաղի և ուսման պայմանների բարելավմանն առնչվող հարցերի։ 

Այցի շրջանակներում դեսպան Գևորգյանը հանդիպել է նաև հորդանանահայ համայնքի ղեկավար կազմի հետ։ Ազգային իշխանության ներկայացուցիչների հետ ՀՀ դեսպանը քննարկել է համայնքի առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև ներկայացրել Հայաստան-Սփյուռք համագործակցության հեռանկարները։ 

Տիգրան Գևորգյանը հանդիպել է նաև Հորդանանում միջպետական փոխանակման ծրագրի շրջանակներում սովորող հայ ուսանողներին։ 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ